Գյումրիում մեկնարկեց Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը

Գյումրիում մեկնարկեց Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 16-ին մեկնարկեց Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության Տարածքային համագործակցության (ԱԳՏՀ) ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը՝ «Ազդեցություն մարզային կայուն զարգացման և միջսահմանային համագործակցության վրա» խորագրով: Կոնֆերանսին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ ` Վաչե Տերտերյան, ով նաև հանդիսանում է ծրագրի Համատեղ որոշումներ ընդունող խմբի նախագահը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ, քաղաքացիական հասարակության անդամներ, դոնորներ, գործարարներ Հայաստանից և Վրաստանից:

Արևելյան Գործընկերության Տարածքային համագործակցության աջակից ծրագրի նպատակն է բարենպաստ մթնոլորտ ստեղծել տարածքային համագործակցության ծրագրերի իրականացման համար՝ Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան և Բելառուս—Ուկրաինա ուղղություններով՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային առանձնահատկություններին: Ծրագիրն ունի հատուկ նպատակ՝ ուժեղացնելու տեղական և մարզային ինստիտուտների կարողությունները՝ միահամուռ ուժերով զորացնելու և իրականացնելու միջսահմանային համագործակցության ծրագրեր: Եվրոպական միության ներդրումն այս ծրագրերում կազմում է 12,5 միլիոն Եվրո: Արևելյան գործընկերությունը Եվրոպական միության նախաձեռնություն է արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վեց երկրների համար՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Նախաձեռնության նպատակն է սերտացնել կապերը ԵՄ և արևելյան գործընկերների միջև ՝ ավելի խորացնելով քաղաքական համագործակցությունն ու տնտեսական ինտեգրացիան:

Համաժողովին ամփոփելով ԱԳՏՀ ծրագրի շրջանակներում Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի արդյունքները՝ բանախոսները նշեցին, որ այն զգալի կերպով բարելավել է երկու երկրների միջև փոխըմբռնումը, գործարար կապեր ստեղծելով, հիմք դնելով նոր համագործակցային ծրագրերի: «Ծրագրի մասնակից 9 միջսահմանային թիմերը կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով , որոնք նպաստել են սահմանակից մարզերի զարգացմանը և զգալի օգուտ են բերել համայնքներին: Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է Եվրոպական միությունը: Վստահ եմ՝ ծրագրի շրջանակներում համատեղ արձանագրած արդյունը կարևոր խթան կլինի տարածքային համագործակցության հետագա զարգացման համար»,-իր խոսքում նշեց Վաչե Տերտերյանը:

Ծրագրերն ավելի մանրամասն ներկայացվեցին համաժողովի ընթացքում: Եվրամիության կողմից 90 տոկոսով ֆինանսավորված Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության դրամաշնորհային ծրագրի շնորհիվ իրականացվել է 9 ծրագիր, որոնց իրականացման համար ներգրավվել է 30 գործընկեր կազմակերպություն՝ այդ թվում 5-ը Հայաստանից, 4-ը՝ Վրաստանից: Համաժողովին քննարկվեցին նաև միջսահմանային հաջողված գործունեության արդյունքերը:

Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից 12,941 քառ.կմ: Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերը, Վրաստանի ՔվեմոՔարթլին և Սամցխե-Ջավախեթին: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին: Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում