«Հայկական ժամանակ». Ըստ կառավարության նոր ծրագրի աղքատության մակարդակը Հայաստանում պետք է կազմի 12 տոկոս

Երեկ ՀՀ կառավարությունը արտահերթ նիստում որոշել է հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է կառավարության ծրագիրը։ Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել իր իսկ մշակած ծրագիրը։

«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Այս ծրագրով կառավարությունը ստանձնել է առաջիկա 5 տարիների Հայաստանում ապահովել 5 տոկոս տարեկան տնտեսական աճ։ Բացի այդ, 5 տարի անց մեկ երկրից ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը պետք է կազմի համախառն ներքին արդյունքի 40-45 տոկոսը։ Նկատենք, որ օրինակ անցած տարի տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալը մոտ 3 միլիարդ դոլար է, այսինքն ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը։

Արտահանման նման ցուցանիշ ստացվում է միայն այն բանի շնորհիվ, որ զբոսաշրջությունը համարվում է ծառայությունների արտահանում։ Ծրագրում առկա ամենաանհավանական ցուցանիշը, որին ձգտելու է հասնել կառավարությունը, աղքատության մակարդակի նվազեցումն է։ Ըստ ծրագրի 5 տարուց աղքատության մակարդակը Հայաստանում պետք է կազմի 12 տոկոս։ Եվ դա այն դեպքում, երբ ներկայումս այդ ցուցանիշը 30 տոկոս է։ Թե ինչպես է կառավարությունը գրավելու այս «բարձունքը»,- ծրագրից այնքան էլ հստակ չի երևում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում