Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել

Եվրախորհրդարանի բանաձեւն անհիմն է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական ԶԼՄ-ների հարցին՝ կապված Եվրախորհրդարանի 2024 թվականի ապրիլի 25-ի բանաձևի հետ։

«Նման միակողմանի և կողմնակալ բանաձևերի ավտոմատ ընդունումը՝ առանց համարժեք գնահատման, վաղուց արդեն սովորական է դարձել Եվրախորհրդարանի համար։ Այս քայլը ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի կողմից հստակ քաղաքական հրահանգ՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև է ընդունել, որով Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ ապագա ցանկացած համագործակցություն պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։

Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները համատեղելի չեն այդ երկրում COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, Ադրբեջանի իշխանություններին հիշեցնում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը հարգելու պարտավորությունը՝ կոչ անելով չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը, որոնք անկախ ոչ կառավարական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին օրենքից դուրս են թողնում։

Բանաձևը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։

Բանաձևի ընդունմանը նախորդած դեբատների ժամանակ ելույթ ունեցած պատգամավորների մեծ մասը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, Եվրոպական հանձնաժողովին կոչ են արել կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում ու դադարել Ալիևի ռեժիմին ռազմավարական գործընկեր համարել։ Պատգամավորները իրենց ելույթներում շեշտել են նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները համատեղել չեն այդ երկրում COP29 համաժողովն անցկացնելու որոշման հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում