ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ Գագիկ Եղիազարյանը հեռացվեց նիստերի դահլիճից

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ մեկ ժամ ընդմիջումից հետո մեկնարկեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատավոր Արտյուշ Գաբրիելյանը կարգադրեց դատական նիստի քարտուղարին զեկուցել, թե ովքեր են նիստին ներկայացել: Դատավորը նշեց, որ արձանագրություն է ստացել կարգադրիչների կողմից այն պաշտպանների վերաբերյալ, ովքեր հրաժարվել են դատարան մուտք գործելիս զննության ենթարկվել:

«Դատական օրենսգրքի 214 հոդվածը հստակ սահմանում է դատական կարգադրիչի իրավունքները եւ պարտականությունները իր գործառույթների կատարման ընթացքում: Սույն օրենքի երրորդ կետի համաձայն` կարգադրիչը իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց եւ նրանց իրերը»,– ընդգծեց Գաբրիելյանը:

Պաշտպանները պնդեցին, որ դատախազները չեն ենթարկվել զննության, սակայն դատավորը նշեց, որ կարգադրիչները դատախազներին նույնպես զննության են ենթարկել և բոլոր այդ գործողությունները նկարահանված են տեսախցիկներով:

Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը ներկայացրեց քննության առնվող գործը, այնուհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածը դատական նիստի կարգի և դատարանի կողմից կիրառվող սանկցիաների վերաբերյալ:

«Այս գործով մի շարք պաշտպաններ համացանցի միջոցով հայտարարություն են տարածել դատական նիստը պատշաճ կարգով անցկացնելու վերաբերյալ` հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը ապահովել պաշտպանների և իրենց պաշտպանյալների դահլիճում անարգել և առանց որևէ սահմանափակման հաղորդակցում: Այս հայտարարությունը պաշտպանների կողմից տրվել է, և դատարանը, հաշվի առնելով մասնակիցների մեծաքանակ լինելը, իսկ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նիստերի դահլիճը շատ փոքր է, ընդառաջ գնալով պաշտպանների հայտարարությանը, որոշում է կայացվում դատական նիստերը անցկացնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Բացի այդ, բոլոր պաշտպաններին ուղարկվել է ծանուցում այսօրվա դատական նիստի վերաբերյալ բացառությամբ պաշտպան Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի: Որոշման վերաբերյալ տեղեկությունը տարածվել է նաև համացանցի միջոցով»,- նշեց Գաբրիելյանը:

Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը ներկայացրեց նաև օրենքով նախատեսված դատավորի ինքնաբացարկ հայտնելու հիմքերը: Տեղում խոսելու համար Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կիրառեց սանկցիա` ամբաստանյալին հեռացնելով դատական նիստերի դահլիճից 6 ժամով: Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում