Առողջապահության նախարարությունը շարունակում է հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից սովալդի դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ բուժումը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով վերապատրաստվել է 32 մասնագետ։

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան է ներմուծվել դրա օրիգինալը։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 80-100 հազար ԱՄՆ դոլարի։

Նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը, որն ավելի քան երկու անգամ գերազանցում է այս պահին բուժման հնարավորություն ունեցողների թիվը։

Մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։

Ծրագրով բուժման շրջանակում սովալդի դեղը տրամադրվում է անվճար, սակայն անհրաժեշտ հետազոտությունների և երկրորդ դեղի համար հիվանդը վճարում է։ Ի դեպ, ներկրողի հետ բանակցությունների արդյունքում երկրորդ դեղը ձեռք է բերվում շուկայականից զգալի ցածր գնով, իսկ հետազոտությունները կատարվում են զեղչով։
Առողջապահության նախարարությունը հորդորում է հրավեր ստացած հիվանդներին ժամանակին ներկայանալ սովալդի դեղը ստանալու։ Չներկայանալու դեպքում տվյալ հիվանդի տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը։

Ծրագիրը կավարտվի հազարերորդ հիվանդի բուժումը նշանակելու պահին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում