Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում ինտենսիվ այգիների տնկարանների հիմնումը և դրանց տեղակայման աշխարհագրության առաջարկումը: Հունիսի 22-ի նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող 8.0 հա գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողամասը Գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և 25 տարի ժամկետով «Ագրոինտեքս» ՍՊԸ-ին վարձակալության տրամադրելու որոշում է կայացվեց:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ընկերությունն այդ տարածքում ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու նպատակով պատրաստվում է իրականացնել 176,5 մլն. դրամի ներդրումային ծրագիր:

Կարեն Կարապետյանը կարևորեց ինտենսիվ այգիների տնկարանների հիմնման գործընթացը և հետաքրքրվեց, թե նմանատիպ քանի տնկարանի անհրաժեշտություն կա:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ նման գնահատական դեռևս չկա, որովհետև դա կապված է այն բանից, թե որքան արագ մասնավորը կներգրավվի այդ գործընթացում: Նախարարը նշեց, որ եթե ներքին արտադրանքը չբավարարի, ապա չի բացառվում նաև տնկիների ներմուծումը:

«Թե մասնավորը որքան արագ կներգրավվի, դա էլ է մեզանից կախված: Հստակ ձևակերպել ենք նաև ներմուծումը սեփական արտադրությամբ փոխարինելու խնդիրը: Այդ հարցով զբաղվող մեր գործընկերները պետք է գնահատականներ տան, ներկայացնեն տնկարանների աշխարհագրությունը և նախապայմանները»,-նշեց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում