Հայաստանի սահմանամերձ համայնքները լինելու են առավել դիմակայուն և պաշտպանված

Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրվեց «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիրը: Ծրագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ համայնքներում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության հենակետերում իրականացնել առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ: Բնակչության պաշտպանության և պատրաստվածության դասընթացների կարևորագույն բաղադրիչներից է նաև միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԱԻ նախարարը նշեց.

-Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը յուրահատկություններ ունեցող ոլորտ է, և շատ կարևոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Սա իրական աջակցություն է համայնքներին, վերջիններիս դիմակայունության բարձրացման հարցում:

ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն իրենց խոսքում նույնպես շեշտեցին դիմակայուն սահմանամերձ համայնքներ ունենալու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով այս հարցում սերտորեն գամագործակցել ՀՀ ԱԻ նախարարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում