Դատարանների հստակ տարանջատումը կապահովի դատական համակարգի գործունեության արդյունավետությունը

Դատարանների հստակ տարանջատումը կապահովի դատական համակարգի գործունեության արդյունավետությունը

Դատական համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված: Հուլիսի 11-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Ամենակարևորը դատական համակարգում տարբեր ատյանների դատարանների լիազորությունների հստակեցումն է: Դատական համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված: Սա նշանակում է, որ պետք է դատական օրենսգրքով ամրագրվեն յուրաքանչյուր դատարանի գործառույթները և տարբեր ատյանների դատարանների միջև փոխգործակցությունը, որն ապահովելու է արդարադատության և դատական համակարգի գործունեության արդյունավետությունը»,- ընդգծեց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի խոսքով` թիրախավորվել են դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման համար երաշխիքները:

«Եթե նախկին բարեփոխումները նպատակաուղղված են եղել դատական համակարգը արտաքին միջամտությունից պաշտպանելուն, ապա հիմա թիրախավորվել է դատարանների ներքին անկախությունը: Դատական համակարգում ներդրել ենք էլեկտրոնային համակարգ` արդյունավետությունը ապահովող և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող գործիք»,- ասաց Քրմոյանը:

Ըստ նրա` նոր ծրագրեր են մշակվում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

«Դրանցից մեկը` վեճերի լուծման այլընտրանքային տարբերակն է: Ինչպես նաև փորձելու ենք ամբողջ դատական գործընթացները` դատարան դիմելը, վճռի կայացումը , փաստաթղթերի շրջանառությունը, ապահովել էլէկտրոնային եղանակով»,- եզրափակեց Քրմոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում