Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում

Երևանում օգոստոսի 21-26-ը կանցկացվի «Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամ» (ԳԿՀԱՀ) ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի համատեղ կազմակերպած առաջին ամառային միջազգային դպրոցը: Միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 21-ին՝ ժամը՝ 9:00 –ին:

Տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին ամառային դպրոցի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել ոլորտի սփյուռքահայ մասնագետներին՝ դասախոսությունների ու քննարկումների միջոցով երիտասարդ գիտնականներին ու ուսանողներին փոխանցելու մաթեմատիկական ու տեսական ֆիզիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ու գաղափարներ:

Հայաստանում տեսական ֆիզիկայի վերաբերյալ առաջին ամառային միջազգային դպրոց կազմակերպելու գաղափարը պատկանում է ամերիկահայ ֆիզիկոս տեսաբան Վաչե Սահակյանին, ով նաև ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհրդի հիմնադիր անդամներից է։ Համակազմակերպիչներն են ֆիզիկոս տեսաբան պրոֆեսոր Ռուբեն Մինասյանը Ֆրանսիայից, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժնի վարիչ ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր Ռուբեն Մանվելյանը և Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանը:

Դասախոսություններով հանդես կգան հայտնի հայ պրոֆեսորներ և գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իռլանդիայից և ԱՄՆ-ից։ Մասնակիցների թվում են երիտասարդ տեսաբան ֆիզիկոսներ Հայաստանից և Իրանից, ինչպես նաև ասպիրանտներ Ռուսաստանից, Իտալիայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում