Ռազմական ուսումնարանների շրջանավարտներն ավարտական միջոցառումների շրջանակներում այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայաստանում մեկնարկել են ռազմական ուսումնական հաստատությունների ավարտական միջոցառումները: Տոնական միջոցառումների շրջանակներում Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ծաղիկներ դրեց Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին և արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ռազմական ուսումնական հաստատությունների ավարտական միջոցառումների մեկնարկը տրվել է օգոստոսի 22-ին, միջոցառումները տևելու են 4 օր: «Այսպիսի միջոցառումներ առաջին անգամ են անցկացվում: Այս միջոցառումներով ավարտվում է մեր ռազմական ուսումնարանների կուրսանտների ծառայության ուսումնական փուլը և մեկնարկում ծառայության այն փուլը, երբ նրանք պետք է սպայական ուսադիրներ կրեն և ծառայության անցնեն Հայկական բանակում»,- ընդգծեց փոխնախարարը:

Առաջիկա օրերի ընթացքում ռազմական ուսումնարանների համար հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում, Կասկադում, Սարդարապատում, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից հետո շրջանավարտներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: «Սա արվում է մի քանի նպատակներով: Առաջին հերթին մեր ապագա սպաները այս օրերի հետ կապված լավ հիշողություններ կունենան: Բացի այդ, հաշվի առնելով մեր ժողովրդի ուշադրությունը բանակի նկատմամբ, կարծում եմ, որ մենք այս օրերը պետք է հիշարժան դարձնենք մեր ժողովրդի և սպաների համար»,- նշեց Արտակ Դավթյանը:

Խոսելով հայկական ռազմական ուսումնական հաստատություններում կրթական որակի մասին` Արտակ Դավթյանն ընդգծեց, որ տարիներն են ցույց տվել, թե որքան պրոֆեսիոնալ են հայ սպաները: «Անցած տարիների ընթացքում մեր գրանցած հաղթանակն արցախյան ազատամարտում և մինչ օրս այդ հաղթանակի պահպանումը խոսում են հենց մեր սպաների պրոֆեսիոնալիզմի և կրթվածության բարձր մակարդակի մասին»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը:

Նա հավելեց, որ կան նաև արտերկրում ռազմական կրթություն ստացող հայ երիտասարդներ, ովքեր ուսումնառության ավարտից հետո գալիս են և ծառայության անցնում հայոց բանակում: Փոխնախարարի խոսքով` նրանք ևս բարձր մակարդակի կրթություն են ստանում և, վերադառնալով հայրենիք, իրենց փորձն ու գիտելիքներն օգտագործում են Հայկական բանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում