«Իրավունք». Ճոյտը ծիծաղելի մուլտիկներ է նկարել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մասին

Գործարար Հակոբ Հակոբյանը՝ ճոյտը, որը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Ծառուկյան» Դաշինքից՝ որպես պատգամավորի թեկնածու, բայց այդպես էլ Ազգային ժողով չանցավ, որոշել է վերահսկողություն իրականացնել իր թիմակից պատգամավորների նկատմամբ։

Քննադատելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին՝ նա «Իրավունքի» հետ զրույցում շեշտել էր, «Մենք ունենք 15 կետերից բաղկացած ծրագրեր, որոնցով հանդես ենք եկել ժողովրդի առաջ, որին հայ բնակչությունը հավանության է արժանացրել։ Այս ամենից հետո, կարծես թե մեր ծրագիրը մոռացության է մատնվել։ Տեսնում եմ, որ այս մասին դաշինքի պատգամավորները չեն խոսում Ազգային ժողովում, հարցազրույցներում, այնպիսի վայրերում, որտեղ ծրագիրը կդառնար քննարկման առարկա»։

«Թույլ չենք տալու, որ այդ մարդիկ, պարզապես, գան Ազգային ժողով, աշխատավարձ ստանան, օր անցկացնեն կամ իրենց հարցազրույցներում փորձեն քծնել իշխանություններին։ Շատ խիստ ենք պատժելու և ժողովրդին մասնակից ենք դարձնելու այդ պրոցեսին։ Ընդհուպ որոշել եմ, որ մենք մուլտիկներ պետք է նկարենք էն մարդկանց մասին, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից»,-հավելել է նա։

Թերթի փոխանցմամբ՝ Հ. Հակոբյանը չի պատրաստվում խնայել թիմակից պատգամավորներին. «Այո՛, շատ ծիծաղելի մուլտիկներ կնկարենք, մի քանի հատն արդեն պատրաստ են, կարծես, ստացվել է։ Թող շատ մարդիկ տեսնեն, թե ինչ է իրականում կատարվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում