«Հրապարակ». ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են

Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը նրան կտրել էր «ակունքներից» և տեղափոխել Աշտարակ, որտեղ նրան թողեց 1 տարի։ Մեկ այլ ուշագրավ փոփոխություն․ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդուն՝ Ռուբեն Սարգիսյանին, Վարդան Հարությունյանն արդեն 4-րդ անգամ տեղափոխում է մի տեսչությունից մյուսը։

Սկզբում նշանակել էր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ, այնուհետև՝ Եղեգնաձորի պետի տեղակալ, ապա՝ Վանաձորի ՏՀՏ պետ, այժմ էլ դարձրել է Արաբկիրի հարկայինի պետ։ Եթե Արգամիչի փեսայի դեպքում առաջընթաց չկա, ապա Քոչարյանի թիկնազորի պետի ազգականը կարիերայի սրընթաց աճ է արձանագրում»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում