Ռուսաստանը մեծ դերակատարում ունի ՀՀ ԶՈՒ սպառազինության ապահովման գործում. Վիգեն Սարգսյան

Ռուսաստանը մեծ դերակատարում ունի ՀՀ ԶՈՒ սպառազինության ապահովման գործում. Վիգեն Սարգսյան

Հայաստանի զինված ուժերը սպառազինության բավականին ինտենսիվ ծրագիր են իրականացնում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է սպառազինությունների մրցավազքը, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում: Հայկական զինված ուժերը իրականացնում են սպառազինության արդյունավետ քաղաքականություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո լուրջ աշխատանքներ են իրականացվել առաջնագիծը կահավորելու և ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ:

«Մենք ուժեղ առաջնագիծ ունենք, ու ապրիլյան դեպքերից հետո առաջնագիծը որակապես փոխվել է տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Այժմ առաջնագծում ծառայող զինվորի ծառայությունն ավելի անվտանգ է դարձել: Իհարկե, դա չի նշանակում, որ կրակոցներ չկան: Կրակոցները կան, մենք նաև զոհեր ենք ունենում, սակայն նման դեպքերում մենք երեքը մեկի դիմաց պատասխան ենք տալիս: Դա մեզ համար սկզբունք է»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությանն ու իր կատարած պաշտոնական այցերին։ «Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցը կատարել եմ Ռուսաստան, և անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի դաշնակից»,– ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենքը վաճառում է շահավետ պայմաններով և մեծ դերակատարում հայկական զինված ուժերի սպառազինության ապահովման գործում: «Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կապեր չունենք։ Իմ երկրորդ այցը եղել է Հունաստան։ Ես նաև եղել եմ հարևան Վրաստանում և Իրանում, վերջերս էլ՝ Չինաստանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև Կանադա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում