Կիրո Մանոյանը ճիշտ է համարում Ցյուրիխյան արձանագրությունների մասին ՀՀ Նախագահի հայտարարությունը

ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական է գնահատում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող Ցյուրիխյան արձանագրություններն առ ոչինչ հռչակելու մասին հայտարարությունը: Նրա դիտարկմամբ՝ այդ հայտարարությունը թեպետ ուշացած, սակայն ճիշտ էր:

«Արձանագրությունների մասով դրական տեղաշարժ չեմ կարծում լինի: Եվ դա ոչ Հայաստանի պատճառով, այլ այն պատճառով, որ Թուրքիան բազմաթիվ ներքին հարցեր ունի, արտաքին բազմաթիվ խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու խնդիրը իրենց օրակարգում չկա: Չի բացառվում, որ Թուրքիան կեղծ բաներ անի, որ իբր կարող է վավերացնել արձանագրություններից մեկը, բայց դա Հայաստանի կողմից կարծում եմ չի ընդունվի: Նրանց համար հիմնական խնդիրն Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելն է: Հուսով ենք, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, որպեսզի Նախագահն իր ասածն անի հաջորդ գարնան նախօրեին: Վստահ եմ, որ նա էլ չի հավատում դրական տեղաշարժին, ուրեմն Հայաստանը իր ստորագրությունը հետ կվերցնի: Մենք սպասում ենք այդ օրվան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կիրո Մանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում