Բարձրագույն դատական խորհուրդը որոշելու է դատավորի ծանրաբեռնվածության աստիճանը

«Դատական օրենսգրքում» փոփոխությունների արդյունքում՝ բարձրագույն դատական խորհուրդն է որոշելու դատավորի ծանրաբեռնվածության աստիճանը, այլ ոչ թե դատարանների նախագահների խորհուրդը: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:

«Այսօրվա դրությամբ դատարանների նախագահները և դատավորների ընդհանուր ժողովի ու արդարադատության խորհրդի կարգապահական ու էթիկայի հանձնաժողովի անդամներն ունեն որոշակի արտոնություններ: Նրանք «դե-յուրե» իրավունք ունեն ստանալու 25 տոկոս պակաս գործեր, քան մյուս դատավորները, բայց «Դատական օրենսգիրքը» ունի մեկ այլ դրույթ, որի համաձայն դատավորը կարող է փաստարկել իր մոտ գործերի առանձնակի բարդությունը կամ ծավալի առկայությունը և այդ 25 տոկոսի սահմանաչափից ավելի շատ արտոնություններ ստանալ: Ստեղծվել է մի իրավիճակ, որ կան դատավորներ, որոնց 75, 80 և ավելի տոկոս գործեր պակաս են մակագրվում (հատկապես դատարանի նախագահներին): Արդյունքում ստեղծվել է անհամաչափություն»,- նշեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը կարևորեց այն հագմանքը, թե ով է որոշում դատավորների ծանրաբեռնվածության գոյության փաստը:

«Այս հարցին լուծում տրվել է, դա բարձրագույն դատական խորհրդի իրավունքն է՝ որոշելու, թե իրականում դատավորի մոտ առանձնակի բարդության գործ է, թե ոչ: Դատավորը պետք է պատշաճ հիմնավորի, որ իրականում ինքը ծանրաբեռնված է և այդ ծանրաբեռնվածությունը պետք է որոշի ոչ թե դատարանների նախագահների խորհուրդը, այլ բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ կորոշեն, թե հիմնավո՞ր է, արդյոք, դատավորի խնդրանքը:

Բացի այդ, առաջարկվում է 25 տոկոս սահմանված արտոնությունը իջեցնել 5 տոկոսի»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դատավորների ծանրաբեռնվածությունը մեկ այլ պատճառ ևս ունի՝ Հայաստանի Հանրապետությունում դատավորների թիվը պակաս է:

«Հայաստանում դատավորների թվաքանակը միջազգայնորեն ընդունված չափանիշներից ցածր է, և մենք պարտավոր ենք ուղղակի դատավորների քանակի ավելացման մասին մտածել, բայց առաջին հերթին պետք է մտածել, թե ինչպիսի մեխանիզմ գտնել դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում