Պարզվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսացող անձանցից երկուսի ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է «Հայաստանի կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերին սպանած երեք անձանցից երկուսի ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նրանք են` Ա. Մկրտչյանը և Յ. Պողոսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանգամանքները պարզվում են:

Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում