ԵՊՀ ուսանողները Բուտրոս-Բուտրոս Ղալիի անվան նորաբաց լսարանում կծանոթանան խաղաղության հաստատման գործում նրա մեծ ավանդին

Բուտրոս Բուտրոս Ղալիի անվան լսարանը բացվեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 20-ին լսարանի բացման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

«Հատկանաշական է, որ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում ևս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում Բուտրոս Ղալիի հիշատակին: Բուտրոս Ղալին իր հարուստ գիտելիքներն ու փորձը ծառայեցրել է աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման և բարեկեցության գործին: Ուսանողներն այս լսարանում կստանան անհրաժեշտ գիտելիքներ»,-ասաց Էդվարդ Նալբանդյանն ու հույս հայտնեց, որ, առաջնորդվելով նրա գաղափարներով, ուսանողները կծառայեն համամարդկային արժեքների առաջմղմանը՝ իրենց նպաստը բերելով աշխարհում խաղաղության հաստատմանը:

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Ղալիի անվան հետ: Բեկումնային փոփոխությունների շրջանում, երբ միջազգային կառույցները փորձում էին հակամարտությունների կանխարգելման և հանգուցալուծման մեխանիզմներ ձևավորել, Բուտրոս Ղալին առաջ է քաշել խաղաղության օրակարգի գաղափարը: Իր մանդատի շրջանակում նա արել է առավելագույնը հանուն մարդկության անվտանգության:

«ԵՊՀ-ում գեղեցիկ ավանդույթ է դարձել բացել լսարաններ՝ անվանակոչելով նշանավոր մարդկանց անուններով, որոնք նշանակալի հետք են թողել մարդկային քաղաքակրթության քառուղիներում: Ականավոր քաղաքական և դիվանագիտական գործիչ լինելուց բացի Բուտրոս Ղալին եղել է նաև ԵՊՀ պատվավոր դոկտոր»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ ուսանողները, իրենց դասերն այս լսարանում անցկացնելով, ավելի ու ավելի շատ բան կսովորեն մարդկային քաղաքակրթության, քաղաքական գիտություններում և միջազգային հարաբերություններում նրա ներդրած ավանդի մասին:

Բրեդլի Բուզետտոյի կարծիքով՝ լսարանի բացումը շատ խորհրդանշական է թե Հայաստանի և թե Հայաստանում ՄԱԿ-ի համար: «Նախքան դիվանագետ դառնալը նա եղել է հայտնի ակադեմիկոս և միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի պրոֆեսոր: Ես հույս ունեմ, որ լսարանը կոգեշնչի ուսանողներին այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,-եզրափակեց Բուզետտոն:

Բուտրոս-Բուտրոս Ղալին եղել է եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Միավորված ազգերի կազմակերպության 4-րդ գլխավոր քարտուղար: 1993 թ. կեսերին այցելել է 19 երկիր և անցկացրել 13 խաղաղարարական գործողություններ։ 1994 թվականին փորձել է կասեցնել Ռուանդայում ընթացող արյունահեղությունը, ինչը սակայն չի հաջողվել։ Պաշտոնում աշխատել է 1992-1996 թթ.։

Հետևեք մեզ նաև Telegram-ում