Արթուր Ղազինյանն անհրաժեշտ է համարում հանրության ներգրավվածությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացմանը

Արթուր Ղազինյանն անհրաժեշտ է համարում հանրության ներգրավվածությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացմանը

Հայաստան-Եվրամիություն առաջիկայում ստորագրվելիք համաձայնագիրը մի կողմից Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը:

«Փորձը ցույց է տվել, որ Եվրոպական միության եւ երրորդ երկրների հետ համագործակցության հիմքում դրված պայմանականության սկզբունքի առկայությունն է էապես խրախուսում տեղական իշխանություններին գնալ բարեփոխումների, իսկ այստեղ ես չեմ տեսնում պայմանականության սկզբունք, քանի որ իրավաբանորեն չենք կարող խորացնել այն՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Այդ սկզբունքը պետք է լինի կամ ինչ-որ խրախուսող միջոց, որը կստիպի տեղական իշխանություններին որոշակիորեն սահմանափակել իրենց իշխանությունը, այսինքն՝ ավելի շատ իշխանություն փոխանցել ժողովրդավար ինստիտուտներին քաղաքացիական հասարակությանը»,-ասաց նա:

Արթուր Ղազինյանի խոսքով՝ նման համաձայնագրերի նպատակը պետք է լինի հենց քաղաքացու կյանքի բարելավումը, իսկ դա նշանակում է, որ պետք է բարձրանա ծառայությունների որակը, նվազեն ապրանքերի գները, եվրոպական կապիտալը մուտք գործի Հայաստան,:

«Իսկ դրա համար հատուկ համաձայնագիր ստորագրելու կարիք չկար, որովհետև Հայաստանի Սահմանադրությամբ այս ամենի համար անհրաժեշտ հիմքերը կան»,-նշեց վերլուծաբանը:

Նա ընդգծեց, որ համաձայնագրի արդեն դրույթների իրականացման փուլին պետք է ներգրավվել նաեւ հանրությանը, որը եւս պետք է տա իր համաձայնությունը:

Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում