Կյանքից հեռացել է ճանաչված երկրաբան Արկադի Կարախանյանը

Կյանքից հեռացել է ճանաչված երկրաբան Արկադի Կարախանյանը

66 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված երկրաբան, մեծ հեղինակություն վայելող գիտնական, 2006-2017 թթ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 2017 թ-ից նույն ինստիտուտի երկրամոնիտորինգի և երկրահնագիտության լաբորատորիայի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Ստեփանի Կարախանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Արկադի Կարախանյանի մահը մեծ կորուստ է Հայաստանի գիտության և հատկապես երկրաբանական գիտության համար: Նրա բազմամյա ուսումնասիրություններն ակտիվ տեկտոնիկայի, սեյսմատեկտոնիկայի և երկրաբանական տարբեր վտանգավոր երևույթների` երկրաշարժերի, սողանքների հետազոտման և նրանց ռիսկի գնահատման ոլորտներում ստացան բարձր հնչեղություն միջազգային երկրաբանական հանրության շրջանում և բերեցին մեծ հեղինակություն Հայաստանի գիտությանը: Արկադի Կարախանյանը բազմիցս հրավիրվում էր հետազոտական աշխատանքների Իրան, Վրաստան, Կիպրոս, Սիրիա, Եգիպտոս, Ռուսաստան, Ղազախստան և այլ երկրներ: Նա հանդիսանում էր ատոմակայանների սեյսմիկ վտանգների գնահատման ԱԷՄԳ (МАГАТЭ) միջազգային փորձագետ:

Արկադի Կարախանյանը հաջողությամբ ղեկավարում և իրականացնում էր գիտա-կիրառական ծրագրեր, որոնք ունեն մեծ նշանակություն Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, մասնավորապես՝ Երևան, Գյումրի, Դիլիջան, Կապան քաղաքների և այլ բնակավայրերի և առանձնապես Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարության համար նախատեսվող տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման գործում: Արկադի Կարախանյանի անվան հետ է կապված ակտիվ տեկտոնիկայի, պալեո և արխեոսեյսմաբանության դպրոցի հիմնադրումը և զարգացումը Հայաստանում: Արկադի Կարախանյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 թեկնածուական ատենախոսություններ: Նա հեղինակ է շուրջ 70 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 3 մենագրությունների, որոնք հրատարակվել են ամենահեղինակավոր միջազգային ամսագրերում և հրատարակչություններում: Մասնակցել և ղեկավարել է INTAS, CRDF, NATO, ISTC, PEER և այլ միջազգային գիտահետազոտական ծրագրեր, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ բազմաթիվ թեմաներ, ինչպես նաև՝ շուրջ 16 գիտա-արտադրական նախագծեր:

Արկադի Կարախանյանի՝ ճանաչված գիտնականի, գիտության կազմակերպչի, ազնիվ, համակրելի և կենսուրախ անձնավորության կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:

ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտնում են խորը ցավակցություն Արկադի Կարախանյանի մահվան կապակցությամբ:

Արկադի Կարախանյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում