Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում ամենամեծն ու բազմաժանրն են վերջին 25 տարիներին

Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում ամենամեծն ու բազմաժանրն են վերջին 25 տարիներին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ռուսաստանում անցկացվող Հայաստանի մշակութային օրերն` իրենց ձևաչափով, մեծությամբ ու բազմաժանրությամբ, համարում է անկախության տարիներին ամենամասշտաբայինը: Նախարարը նշեց, որ 250 պրոֆեսիոնալ արտիստ է ներգրավված այդ աշխատանքներում: «Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաուղիղ, ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կլավանան, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ»,-ասաց Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ երկկողմ բարեկամությունը չի սահմանափակվում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակով, որին և նվիրում է այս միջոցառումը, այլ այն հարյուրամյակների խորքից է գալիս:

«Մեկ անգամ չէ, որ մեր երկու քրիստոնեական մշակույթների բախումից ծնել են այնպիսի երևույթներ, ովքեր համաշխարհային մշակույթին տվել են պարզապես գլուխգործոցներ: Օրինակ, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան և այլն, կարող ենք տասնյակներով թվարկել: Ուրախալի է, որ հենց այսօր Տրետյակովյան պատկերասրահում այդպիսի մի երևույթի` Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցադրությունն ենք բացելու»,-նշեց մշակույթի նախարարը:

Նա կարևորեց հանգամանքը, որ նոյեմբերի 15-ի երեկոյան բացվող ցուցադրությանը մեծամասամբ ներկայացված են լինելու Մարտիրոս Սարյանի երիտասարդ տարիների աշխատանքները, որոնք պատկերասրահը ժամանակին գնել է նկարչից: «Ի դեպ շատ հետաքրքիր փաստ, երբ մենք քննարկում էինք, թե քանի նկար պետք է բերել Հայաստանից, պարզվեց, որ պահանջվում է շատ քիչ նկար բերել: Քանի որ ժամանակին, երբ Մարտիրոս Սարյանը սովորելիս է եղել Մոսկվայում, Սերովին աշակերտելիս, մասնակցել է տարբեր երիտասարդական ցուցահանդեսների, և նրա աշխատանքներին ամենամեծ գնահատականը եղել է այն, որ Տրետյակովյան պատկերասրահը երիտասարդ նկարչից գնել է շատ աշխատանքներ: Այսօր երեկոյան բացվող ցուցադրության նմուշների հիմնական մասը Տրետկակովյան պատկերասրահի սեփականությունը հանդիսացող գործերն են»,-տեղեկացրեց նախարարը:

Անդրադառնալով մշակութային օրերի շրջանակում նախատեսված այլ միջոցառումներին` Արմեն Ամիրյանը նշեց, որ Ռուսաստանի հարավի քաղաքներում պարային տոն է լինելու. Պարի պետական անսամբլն է շրջագայություններով այնտեղ: «Սիբիրյան քաղաքներում հյուրախաղերով հանդես է գալիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Կենտրոնական Ռուսաստանում Մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերն են, Մոսկվայում Մարտիրոս Սարյանի, Արա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսն է ներկայացված»,-ասաց Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ դասական երաժշտության և էթնոջազի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցելու համերգների` համապատասխանաբար նոյեմբերի 18-ին և 22-ին: Այնուհետև մշակութային օրերը կշարունակվեն Սանկտ Պետերբուրգում: Նոյեմբերի 22-ին Էրմիտաժում «Հովեր» երգչախումբը հայկական հոգևոր երաժշտություն կներկայացնի: «Նոյեմբերի 23-ին «Հովեր»-ի ու «Էթնոջազ» նվագախմբի միաձույլ աշխատանքով կազդարարվի մշակութային օրերի ավարտը»,-ասաց նախարար Ամիրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում