Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր

Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր

Հայաստանում զբոսավարների գործունեությունը կլիցենզավորվի: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ՀՀ կառավարությունում, քննարկման փուլում է: Այն իր մեջ ներառում է դրույթ, որով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

«Հայաստանում գործող զբոսավարները պարտադիր պետք է լիցենզավորվեն: Կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն զբոսավարը կստանա լիցենզիա: Սա առկա խնդիրներին ուղղված կարևոր քայլ է: Մինչ լիցենզիա ստանալը զբոսավարը պետք է համապատասխան պատրաստություն անցնի: Ի դեպ, դա պետք է լինի պարբերաբար: Որոշ ժամանակը մեկ պետք է որակավորման քննություններ հանձնել: Մենք պետք է հասնենք նրան, որ ունենանք միասնական մոտեցումներ, և զբոսավարը հստակ պատկերացնի պատմությունը, ժառանգությունը, այլ ոչ թե ամեն մեկն իր իմացածի չափով ներկայացնի մեր երկիրը»,- ասաց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե դեպքեր են լինում, երբ հարևան երկրից զբոսաշրջիկների խմբի հետ եկած զբոսավարն ինքն է ներկայացնում Հայաստանը, երբեմն ոչ ճշգրիտ, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ խնդրի մասին տեղյակ են: Նոր օրենսդրական նախաձեռնությունը կկարգավորի նաև այդ դաշտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում