Հայաստան մատակարարվող բնական գազի գինը 2018-ին կմնա անփոփոխ

Հայաստան մատակարարվող բնական գազի գինը 2018-ին կմնա անփոփոխ

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: «Վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը ձեռք բերվեց համաձայնություն, որով ՀՀ մատակարարվող բնական գազի գինը եկող տարվա համար մնում է անփոփոխ: Այդ համաձայնությունը ամրագրվում է արձանագրության ստորագրմամբ»,- ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի կառավարությունը սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների համար գազի գնի հետ կապված սահմանել էր դիֆերենցված մոտեցում: Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք դրա հետ կապված 2018-ին փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կա, որպեսզի այդ մոտեցումը շարունակի մնալ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ նազարյանը նշեց, որ որևէ բան փոխելու անհրաժեշտություն չկա և սահմանված արտոնյալ սակագները կպահպանվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում