Հայաստանում ներդրվում է պաշտոնյաների հայտարարագրումը վերլուծող գործիք

Հայաստանում ներդրվում է պաշտոնյաների հայտարարագրումը վերլուծող գործիք

Հայաստանում ներդրվում է պաշտոնյաների հայտարարագրումը վերլուծող գործիք: Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա:

«Եթե անգամ կոռուպցիան չլիներ բարձր մակարդակի, միևնույն է, դա պետք է լիներ կառավարության պայքարի կիզակետում»,-ասաց Հարությունյանը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրման ոլորտում խստացումների արդյունքում արդեն կան կոնկրետ դեպքեր, երբ որևէ պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի մեջ, նախարարը պատասխանեց, որ դա ամբողջ ծավալով գործելու է, երբ ստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմինը: «Դա տեղի է ունենալու ապրիլից հետո: Մենք նախատեսել ենք նաև այն գործիքները, որոնք հնարավորություն են տալու ծանոթանալ տարբեր ռեգիստրներում առկա տեղեկատվությանը, որպեսզի կարողանան իրականացնել ճշտումները: Առաջին քայլն արվել է, հայտարարագրերը սկսել են կուտակվել: Հիմա հաջորդ պահն է՝ գործիքն ենք ներմուծում, որը թույլ կտա վերլուծել հայտարարագրերը»,- ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանի խոսքով, եթե կա կոռուպցիոն հանցագործություն, ապա անձին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության: «Քանի որ միշտ չէ, որ հնարավոր է բռնել հանցագործին, մտցվում են լրացուցիչ գործիքներ, որոնց հետևանքներով փորձում են վերլուծել, վերհանել, թե արդյոք կա՞ մտահոգիչ փաստ, թե՝ ոչ: Այն, որ քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, փաստ է, այն, որ որևէ հանցագործություն, որ նոր է ձևակերպվում, չի կարող ունենալ հետադարձ ուժ, դա էլ ժողովրդավարական սկզբունք է»,- ընդգծեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում