ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ մեկի դեմ չէ. Պյոտր Սվիտալսկին համաձայնագիրն օգտակար է համարում բոլորի համար

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ մեկի դեմ չէ. Պյոտր Սվիտալսկին համաձայնագիրն օգտակար է համարում բոլորի համար

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը օգտակար է ոչ միայն ստորագրած կողմերի, այլ նաև տարածաշրջանի համար: Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Այս համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ: Սա բոլորիս օգուտի համար է»,- ընդգծեց Սվիտալսկին:

Դեսպանն ընդգծեց, որ համաձայնագիրը հանգրվանային նշանակություն ունի և երկար ճանապարհի սկիզբն է: Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, այդուհանդերձ, մենք ակնկալում ենք անդամ պետությունների մասնակցությունը դրա կյանքի կոչման աշխատանքներին», – նշեց Սվիտալսկին:

Նա շեշտեց այն հանգամանքը, որ համաձայնագրում առանձին դրույթ կա այն կյանքի կոչելու համար խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության կարևորության մասին: «Ես հույս ունեմ, որ Հայաստանի խորհրդարանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդարանը ակտիվ կլինեն և իրենց լուրջ դերակատարումը կունենան համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում: Իհարկե, կարևոր է նաև այդ աշխատանքներին քաղաքացիական հասարակության մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում