«Հրապարակ». Գալուստ Սահակյան. «Իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում»

«Հրապարակ». Գալուստ Սահակյան. «Իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում»

Նոր Սահմանադրության պահանջով՝ կառավարությանն առընթեր մարմինները մինչև եկող տարվա ապրիլը պետք է միավորվեն որևէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստանան։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու և տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը։ Տեղեկություններ կան, որ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ միավորված միավորի ղեկավար դառնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը։

ԱԺ նախկին խոսնակը որդու՝ կառույցի ղեկավար դառնալու լուրերի մասին «Հրապարակ»-ի հարցին պատասխանել է. «Որ իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում, բայց քաղաքական նախապայման է պետք, որ աշխատի… որդիս իր աշխատանքը լավ կատարող անձնավորություն է»։

Նրա կարծիքով, ժողովրդը դեռ վաղ ժամանակներից կարծես մի հարցի մասին է մտածում, թե «երբ իրենց երեխաները պետք է նախարար դառնան»։ «Նախկինում՝ կոմունիստների ժամանակ, գյուղացիների մեջ արմատավորված էր հետևյալը՝ ե՞րբ պիտի որդիս փոխնախարար դառնա, որովհետև նախարարներն արագ փոխվում էին, փոխնախարարները՝ երկար մնում իրենց տեղում։ Ես ասեմ հետևյալը՝ ես միայն փոշմանել եմ, որ իմ որդին կամ որդիները քաղաքականությամբ են զբաղվում, ես իրենց չեմ ուղղորդել, պարզապես իրենք տեսել են՝ ես ինչ եմ անում, ինչպես եմ անում, և եկել են իմ հետևից։ Ես փոշմանել եմ, որովհետև, օրինակ, մարդը, որի որդին նկարիչ է դարձել, իր զավակին միայն ծափահարում են արած աշխատանքի համար, իսկ քաղաքական գործչի որդին, որ քաղաքական գործիչ է դառնում, ասում են՝ ըհը, սաղ երկիրը կերավ, հիմա էլ որդուն է բերել շարունակող։ Ես չեմ կարծում, թե քաղաքական գործիչները լավ են ապրում։ Նրանք, ովքեր բիզնես ունեն, իրենք են լավ ապրում»,-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում