Թողնում եմ ժուռնալիստների համերաշխ միություն

Թողնում եմ ժուռնալիստների համերաշխ միություն

Ժուռնալիստների միության արդեն նախկին նախագահը նոր ղեկավարությանն է թողնում համերաշխ միություն: Դեկտեմբերի 28-ին միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանն ամփոփեց իր ղեկավարության ընթացքում միության կատարած աշխատանքները:

«Թողնում եմ համերաշխ միություն, ոչ մի համագումար չի անցկացվել փոխադարձ վիրավորանքներով: Քննարկել ենք մեր մասնագիտության, երկրին ծառայելու, խոսքի ազատությունը պահելու հարցեր: Անկախության տարիներին կենտրոնացել ենք զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման ուղղությամբ: Առանց իրավական նորմալ հարաբերությունների չէինք կարողանա մարտահրավերներին պատվով դիմանալ»,-ասաց Գևորգյանը:

Ժուռնալիստների միությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ԶԼՄ-ների մասին օրենքի մշակմանը: «Կային դրույթներ, որոնք խանգարում էին մեր ստեղծագործական աշխատանքին, սակայն միության փորձառու լրագրողների շնորհիվ կարողացանք շատ կարևոր կետեր ներառել»,-նշեց Աստղիկ Գևորգյանը:

Գևորգյանի գլխավորությամբ միությունը անցկացրել է նաև ուսուցման դասընթացներ, օրինակ՝ «Մենեջմենտն անկախ լրատվամիջոցներում»: Անցկացվել են դասընթացներ տնտեսական, իրավական թեմաներով, ընտրությունների մասին գրող, հետաքննող լրագրողների համար: Դրանք անցել են բարձր մակարդակով: Ժուռնալիստների որակական բարձրացման նպատակով անցկացվել են նաև բազմաթիվ մրցույթներ:

Միությունը համագործակցություններ է ունեցել նաև լրագրողական կազմակերպությունների հետ: Սերտ համագործակցել է նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի ընտրությունն անցկացվեց դեկտեմբերի 28-ին՝ 12-րդ համագումարի ընթացքում: Միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում