Նախարարը պարզաբանեց իր՝ «Կամիկաձե» արտահայտությունը

Նախարարը պարզաբանեց իր՝ «Կամիկաձե» արտահայտությունը

Հայաստան ներկրված և մինչև ապրիլի 1-ը գրանցված աջ ղեկով մեքենաները չեն ենթարկվի սահմանափակումների: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով կառավարության ընդունած որոշմանը:

«Եթե դուք ունեք այդպիսի մեքենաներ, կարող եք ցանկացած ժամանակ վաճառել ու գրանցել: Ներմուծման հարցը կարգավորվում է Մաքսային օրենսգրքով, որի կապակցությամբ կմշակվի ու խորհրդարան կուղարկվի փոփոխությունների փաթեթ: Այսօր Հայաստանում աջ ղեկով ավելի քան 36 հազար մեքենա կա: 2017 թվականին ներկրվել է ընդամենը 13,800-ը: Եթե միտումը շարունակվի, ստիպված կլինենք աջակողմյան երթևեկությունը փոխել ձախակողմյանի, իսկ դա բարդ կլինի»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով իր՝ «Կամիկաձե» արտահայտությանը, որը վերաբերել էր աջ ղեկով ավտոմեքենա նստելուն, Մարտիրոսյանը վստահեցրեց, որ որեևէ մեկին չի համարում այդպիսին ու ինքը չի ցանկացել որևէ մեկին վիրավորել, այլ իր կարծիքն է արտահայտել:

Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հաստատեց երկու որոշման նախագիծ, որոնցով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Նախագծերով նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը. գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում