Դա բեկումնային փուլ էր Հայրենական մեծ պատերազմում. Երևանում նշեցին Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 75-ամյակը

Դա բեկումնային փուլ էր Հայրենական մեծ պատերազմում. Երևանում նշեցին Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 75-ամյակը

Երեւանի Հաղթանակի զբոսայգում Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանները, քաղաքական գործիչները, դիվանագետները ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը շնորհավորեց ներկաներին հաղթական օրվա կապակցությամբ, մաղթեց նրանց բարեկեցություն, ոգու ամրություն:

«Դա 1942 թվականի հուլիսից 1943 թվականի փետրվարն էր, ողջ մարդկության պատմության մեջ աննախադեպ ճակատամարտ: Կռիվներն ընթանում էին բառացիորեն ամեն փողոցի, ամեն տան, ամեն նկուղի համար: Հիտլերը հայտարարում էր, որ Ստալինգրադը վերցրել են, բայց նրանց դա չհաջողվեց անել խորհրդային մարտիկների խիզախության, խորհրդային ժողովրդի, բոլոր նրանց շնորհիվ, ովքեր մասնակցում էին մարտերին կամ աջակցում խորհրդային զորքերին: Պայքարը ամենաարյունալին էր. ըստ որոշ գնահատականների՝ երկու կողմերը միասին ճակատամարտում տվեցին 2 մլն զոհ:

Այս հաղթանակը բեկումնային փուլ էր Հայրենական մեծ պատերազմում, քանի որ այն փոխեց ողջ ռազմավարական դրությունը: Այն մեր հիշողության մեջ հավերժ կմնա, մենք մշտապես կպատվենք Ստալինգրադի պաշտպաններին եւ կփոխանցենք մեր հիշողությունը ապագա սերունդներին: Այսօր նախկին ԽՍՀՄ հանրապետություններում նշվում է այս օրը, այստեղ եւս նշում ենք վետերանների, երիտասարդների հետ եւ միշտ պետք է հիշենք, քանի որ ով չգիտի իր պատմությունը, չունի ապագա: Թող Հայաստանի երկինքը այսպես անամպ ու կապույտ լինի, խաղաղություն թող լինի»,-ասաց դեսպանը:

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 91-ամյա փոխգնդապետ, տանկիստ Հենրիկ Խառատյանի համար հաղթանակն աննկարագրելի երեւույթ է: Այդ ժամանակ 18-ամյա Հենրիկը կամավոր էր մասնակցում պատերազմին:

«Ես տանկիստ եմ, հայրս, եղբայրներս տանկիստներ են եղել: Որդիս՝ նույնպես: Սովորել եմ Բաքվում. երբ ավարտեցինք, 1945 թվականի փետրվարն էր, մեզ ուղարկեցին ռազմաճակատ, գնացինք Ստալինգրադով: Այն ժամանակ սննդամթերք չկար, հասանք Ստալինգրադ, այնտեղ մեզ կերակրեցին. այդ դրվագը հատկապես լավ է պահպանվել հիշողությանս մեջ. բոլոր շենքերը քանդված էին, միայն պատերն էին մնացել: Մենք ճաշեցինք, հետո մեզ տարան Գորկի, մեքենաները ստացանք, որ պետք է գնայինք ռազմաճակատ: Հաղթանակն իսկապես մեծ բան է, թեկուզ միայն այն, որ 1950 թվականից հետո հավաքվում էինք այստեղ, բոլորը զինվորականներ էին, իսկ հիմա, որ այստեղ քաղաքացիական անձանց եմ տեսնում, դա իսկապես մեծ բան է»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում