Նորաբաց օդային ռոբոտատեխնիկայի հետազոտական կենտրոնում իրականացվելու են անօդաչու սարքերի հետ կապված գիտահետազոտական աշխատանքներ
Նմանատիպ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգով: Այն հնարավորություն կտա անօդաչու թռչող սարքերով շարժումները գրանցել բարձր ճշգրտությամբ: Կենտրոն կատարած շրջայցի ժամանակ այս մասին լրագրողներին ասացին կենտրոնի ներկայացուցիչները:
«Այսօր տվեցինք մեր համալսարանի համար կարևորագույն նշանակություն ունեցող կենտրոնի գործունեության մեկնարկը: Կարծում եմ` այն արդյունքների հսկայական թռիչք պետք է արձանագրի ուսումնակրթական և գիտահետազոտական աշխատանքների գծով: Կենտրոնն ԱՊՀ երկրների ցանկում եզակի է: Այդ մասին են փաստել նաև սարքավորումների ձեռքբերմանը նպաստած արտասահմանցի գործընկերները: Կենտրոնի աշխատանքները պետք է ուղղված լինեն համալսարանում անօդաչու սարքերի գծով ուսումնագիտահետազոտական և այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք ենթադրում են նախագծումից մինչ լաբորատոր փորձարկումներ: Բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացը պետք է ուղղված լինի նաև երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»,-ասաց ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ու հավելեց, որ կենտրոնում հմտություններ կարող են ձեռք բերել նաև այլ բուհերի ուսանողներ:
Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է հայազգի պրոֆեսոր Նաիր Հովակիմյանը: Հենց նա էլ ստանձնել է այս նոր կենտրոնի խորհրդատվության ապահովման և աջակցության գործը:
Կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ համալսարան էր այցելել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի և համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում:
Ինժեներ Դավիթ Եղիազարյանի խոսքով` իրենք ստեղծել են առաջին հայկական ինքնաղեկասարքը, որը անօդաչու թռչող սարքին օդում ուղղորդում և կարգավորում է թռիչքի ուղղությունը:
« Տեսախցիկներից իմպուլսային լույս է անդրադառնում, և դրոնը ոչ թե նկարում, այլ պարզապես կետերի շարժումները գրանցում է շատ բարձր ճշտությամբ: Այնուհետև ողջ ինֆորմացիան ուղարկվում է կիրառական համակարգչին, որը հնարավորություն է տալիս նախագծել ամեն ինչ: Մեկ թռիչքով արձանագրվում է բացառապես ամեն բան: Ներկայացվածը լաբորատոր փորձնական նմուշ է դեռ»,-ասաց կենտրոնի գիտական մասի ղեկավար Օլեգ Գասպարյանը:
Համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Արգաշյանի խոսքով` տեսախցիկները շարժումը արձանագրում են մինչ կես միլիմետրի ճշտությամբ: «Մենք անօդաչու թռչող սարքերի մեջ դնում ենք «ուղեղ»: Այս կենտրոնը հենց դրանով է կարևորվում: Ուսումնասիրում ենք անօդաչու թռչող սարքը, տեսնում ենք` դրա մեջ ուղեղն ինչպես դնենք և թե այն ինչպես կաշխատի: Կենտրոնը հետազոտական լայնածավալ աշխատանքներ կատարելու հնարավորություն է տալիս և հետագայում դաշտերի վարուցանքին, քաղաքում տրանսպորտի շարժին հետևելու և նկարահանելու հնարավորություն»,-ասաց նա:
Կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության և պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում