Փորձագետները երեխաների մոտ թերսնուցումը կապում են նաև ծնողների իրազեկվածության ցածր մակարդակի հետ

Փորձագետները երեխաների մոտ թերսնուցումը կապում են նաև ծնողների իրազեկվածության ցածր մակարդակի հետ

Երեխաների մոտ թերսնուցումը ոչ միշտ է կապված ընտանիքի ֆինանսական խնդիրների հետ: Հաճախ սխալ սննդային վարքագիծը ևս կարող է երեխայի մոտ թերսնուցում առաջացնել: Մարտի 7-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

«Ամեն 5 տարին մեկ անգամ հետազոտություն է իրականացնում և ուսումնասիրվում է մինչև 5 տարեկան երեխաների թերսնված լինելու հանգամանքը: 2015 թվականին իրականացված հետազոտության համաձայն` Հանրապետությունում թերսնուցում է մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսը: Իրականացվել է առանձին հետազոտություն և փորձ է արվել կապել երեխաների թերսնվածությունը և աղքատությունը: Այստեղ մենք ունենք խնդիր սննդային վարքագծի հետ կապված, որովհետև շատ կերակրելը և ճիշտ կերակրելը տարբեր երևույթներ են, ուստի կարևոր է ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը այս հարցում»,- ասաց Մինասյանը:

Մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը խոսքով` Հայաստանում նախորդ տարիների համեմատ երեխաների մոտ թերսնուցման ցուցանիշը նվազել է, սակայն դրանով միշտ չէ, որ պետք է պետությունը առաջնորդվի:

«Երեխաների մոտ կարող է ի հայտ գալ սակավարյունություն կամ ցածր դիմադրողականություն, որը նույնպես վտանգում է նրանց առողջությունը: Դրանց պատճառները կարող են լինել միկրոէլեմենտների անբավարարությունը: Երեխաների թերսնուցումը ուղիղ կապված չէ աղքատության հետ, ավելի շատ ծնողների իրազեկվածության ցածր մակարդակի պատճառով է այն առաջանում: Նույնիսկ բավարար ֆինանսական հնարավորություն ունենալու դեպքում երեխան կարող է ճիշտ չսնվել»,- նշեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում