Շոայի հիմնադրամի արխիվում կներառվի Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների մեծ հավաքածուն

Շոայի հիմնադրամի արխիվում կներառվի Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների մեծ հավաքածուն

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամն այսուհետ իր արխիվում կունենա Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների ամենամեծ հավաքածուներից մեկը, որը տասնամյակներ շարունակ հավաքագրել է ամերիկաբնակ հայ պատմաբան, դոկտոր Ռիչարդ Կիրակոսյանը: Այս մասին հայտնում է PR Newswire-ը:

Մարտի 9-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ Ռիչարդ Հովհաննիսյանի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն պաշտոնապես կհայտարարվի որպես հիմնադրամի Վիզուալ պատմության արխիվի մի մաս:

Այն ներառում է ավելի քան 1000 հարցազրույց: Ձայնագրություններից զատ հավաքածուն ներառում է նաև յուրաքանչյուր վկայությանն ուղեկցող փաստաթղթեր և լուսանկարներ:

Հավաքածուի գերակշիռ մեծամասնությունը ձայնագրվել է հայերենով և միայն 20 տոկոսն է անգլերեն: Կան նաև թուրքերեն և իսպաներեն հարցազրույցներ, որոնք, սակայն, փոքր մաս են կազմում:

Մարտի 9-ին հիմնադրամի արխիվում հանրությանը հասանելի կլինեն միայն 10 վկայություններ՝ յոթն անգլերենով և երեքը հայերենով: Մնացածը կավելացվեն հիմնադրամի բարձր չափանիշներով թվայնացվելուց հետո:

Հովհաննիսյանը, ով ինքն էլ Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ է, խորապես հավատացած է, որ վկայությունները մեծ կարևորություն ունեն սերունդներին կրթելու, ժխտողականության դեմ պայքարելու հարցում:

Արխիվի կարևորությունն ընդգծել է նաև Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթեֆան Սմիթը՝ ասելով. «Վիզուալ պատմության արխիվում ավելի մեծ բովանդակություն ավելացնելով՝ մենք հարգում ենք այն մարդկանց հիշատակը, ում կյանքը զուր ընդհատվել է: Այս ձայները կօգնեն վստահեցնելու, որ ապագա սերունդները կսովորեն նրանցից, ովքեր ապրել են Հայոց ցեղասպանության սարսափները»:

Շոայի հիմնադրամի արխիվում Հայոց ցեղասպանության վկայությունների հավաքածուում մեծությամբ երկրորդն է Հոլոքոստի վերաբերյալ վկայություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում