Կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն

Կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հետևողական քայլեր է իրականացնում կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը բացառելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, վերջին 6 ամսվա ընթացքում 26 գործատուների մոտ իրականացվել են ուսումնասիրություններ:

«Արդյունքում կենսաթոշակի 690 գործերով նվազեցվել է ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ընդհանուր թվով 5 138 տարվա աշխատանքային ստաժ: Դրա ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54 մլն դրամ, որից վերականգնվել է 7 մլն 124 հազար դրամը, մնացած գումարի մասով հետ գանձելու գործընթացը շարունակվում է: Խոսքը վերաբերում է չհիմավորված փաստաթղթերով գրված ստաժին, որով կենսաթոշակ է նշանակվել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա ընդգծեց, որ այս խնդիրը ծառայության համար առաջնահերթություն է, իրենք պետք է հասնեն նրան, որ իրապես աշխատած քաղաքացիները ստանան իրենց կենսաթոշակները, իսկ այն քաղաքացիները, ովքեր կեղծիք են կատարել, ավելի գումար չստանան:

«Կոչ եմ անում այն քաղաքացիներին, ովքեր դիմել են նման քայլի, գան ներկայանան տարածքային բաժիններ՝ օր առաջ այդ խնդիրը լուծելու համար: Նրանց, ովքեր օգտվելով 90-ականների իրավիճակից, այն ժամանակվանից իրենց մոտ պահում են կնիքներ ու կեղծ ստաժ են գրում, կոչ ենք անում ներկայանալ, հանձնել կնիքները և զերծ մնալ կեղծ գործարքներից»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում