Մարտական հենակետերի կահավորում, անվտանգության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար. ԶՈՒ արդիականացման ծրագրի դրույթները

Մարտական հենակետերի կահավորում, անվտանգության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար. ԶՈՒ արդիականացման ծրագրի դրույթները

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջոցներ կձեռնարկի զինված ուժերում ծառայողական տեսակների ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային վստահության բարձրացման ուղղությամբ: Այս մասին դրույթները ներառված են «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրում», որը մարտի 20-ին հրապարակվել է ՀՀ ՊՆ կայքում:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել մարտական պատրաստվածության հետևողական բարձրացման, ռազմական կրթության և գիտության արդյունավետ ներուժի ձևավորման, ժամանակակից տեխնիկայի ու սպառազինության տեսակների արհեստավարժ կիրառմանն ուղղված նպատակային քաղաքականություն:

Ծրագրի արդիականացման հատվածում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է ունակ լինեն ռազմաքաղաքական և ռազմական գործիքակազմով զսպելու լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները և պատրաստ լինեն իրավիճակի ցանկացած զարգացման` գործի դնելով իրենց տրամադրության տակ գտնվող ռազմաքաղաքական ռեսուրսը, արդիականացված զինանոցը և զորքերի կատարելագործման մարտական վարպետությունը:

Արդիականացման հիմքում ընկած «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմնասյուներն են` առաջնորդությունը, ըստ որի, հայոց բանակը պետք է դառնա առաջնորդների դարբնոց, առաջադիմությունը, նորարարությունը, ներառականությունը և այլն: Արդիականացման ծրագրի նյութական մասի հիմքում ընկած են վաղվա պատերազմի տեխնոլոգիաներին, օր օրի առաջընթաց ապրող զինատեսակներին և ռազմական միջոցներին հակազդելու, դրանց հայրենական մշակման և արտադրության հնարավորություններն ընդլայնելու սկզբունքները:

Ըստ ծրագրի` զսպման համակարգը բաղկացած կլինի մարտավարական և օպերատիվ մակարդակներում` բարելավված մարտական հերթապահության, իսկ ռազմավարական մակարդակում` լայնածավալ ռազմական գործողությունների զսպման բաղադրիչներից: Համակարգը նպատակաուղղված կլինի Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ` ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը` Հայաստանի համար շահավետ պայմաններով: Հատկապես մեծ կարևորություն է տրվում Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորմանը:

Զսպման համակարգի ձևավորման առաջնահերթ մարտավարական խնդիրն է որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահությունն` ուղղված հակառակորդի հարձակման նախապատրաստման, դիվերսիոն գործողությունների կամ դրանց փորձի վաղ հայտնաբերմանը և հակազդմանը, պետական սահմանի խախտումների արդյունավետ կանխմանը, հակառակորդին անհրաժեշտության դեպքում անհամաչափ վնաս պատճառելուն, զորքերի` պլանային ձևով պահպանությունից պաշտպանության անցնելու ապահովմանը, առաջնագծում զինանձնակազմի կողմից դիտարկման կարողությունների ընդլայնմանն ու առավելագույնս անվտանգ մարտական հերթապահության կազմակերպմանը:

Այդ նպատակով նախատեսվում է կարճաժամկետ հեռանկարում այն համալրել արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոցման ու ինեժեներական միջոցներով և որպես վերջնանպատակ` ձևավորել միասնական համակարգ: Մարտական հերթապահության համակարգի կատարելագործումը նպատակ է հետապնդում նաև բարձրացնել մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը, ինչը ենթադրում է մարտական հենակետերի լրացուցիչ ինժեներական կահավորում և անձնակազմի համապատասխան հանդերձավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում