Մարտի 1-ի դեպքերի բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է ՀՀ երկրորդ նախագահը, նախաքննության տրամադրության տակ են

Մարտի 1-ի դեպքերի բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է ՀՀ երկրորդ նախագահը, նախաքննության տրամադրության տակ են

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գտնվել և գտնվում են նախաքննության տրամադրության տակ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանն անդրադարձավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չեն կարող լինել ձայնագրություններ, որոնք կփաստեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե մարտի 1-ին ինչ-որ անձինք ավտոբուսների հետևից դուրս են եկել, ավտոմատներով կրակել են ոստիկանների վրա և թաքնվել են: «Այն, ինչ ես մեկ անգամ արդեն ասել եմ, այն, ինչ ես նոր կրկնեցի, նույնը կասեմ վաղը և նույնը կասեմ 5 օր հետո»,- նշեց Կոստանյանը:

«Այսինքն՝ սպանությունները ինքնապաշտպանության հետևա՞նք են» հարցին Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Դա ընդամենը ձեր հետևությունն է: Սպանությունների պատճառը, մոտիվը, եղանակը, ով սպանեց և ինչ պայմաններում, տալու է նախաքննության մարմինը, հետևաբար ես կամ որևէ մեկը չենք կարող գնահատական տալ: Նույն կերպ ես կամ որևէ մեկը չէինք կարող Եվրոպական դատարանին սպանությունների վերաբերյալ գնահատական տալ, քանի դեռ քրեական գործ կա: Եթե քրեական գործն այդ պատասխանները տված լիներ, ես դրանք կներկայացնեի Եվրոպական դատարանին»,- ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այդ տեսաձայնագրությունները ՄԻԵԴ-ին չեն տրամադրվել, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ը ինչ պահանջել է, իրենք տվել են: «Ինչ ՄԻԵԴ-ը պահանջել է, բոլորը տրամադրվել են»,- եզրափակեց գևորգ Կոստանյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող լինել որևէ տեսաձայնագրություն, որը կփաստի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե մարտի 1-ին որոշ անձինք ավտոբուսների հետևից դուրս են եկել, ավտոմատներով կրակել են ոստիկանների վրա և թաքնվել: Նա պնդում էր, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է հարցաքննվի և այդ հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ տա, իսկ եթե կան այդ հայտարարության ճշմարտացիության մասին վկայող ձայնագրություններ, դրանք պետք է հրապարակվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում