Շավարշ Քոչարյանն անհավանական է համարում ԵՄ անդամ որևէ երկրի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը խոչընդոտելը

Շավարշ Քոչարյանն անհավանական է համարում ԵՄ անդամ որևէ երկրի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը խոչընդոտելը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը գրեթե անհավանական է համարում Եվրոպական միության անդամ որևէ երկրի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը խոչընդոտելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողի հարցին՝ հնարավոր համարում է, որ ԵՄ անդամ որևէ պետություն արհեստականորեն ձգձգի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, օրինակ` Հունգարիան, որի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Համարում եմ գրեթե անհավանական, որովհետև այն պետությունը, որը շահագրգիռ չէր, դա կարող էր անել դեռևս մինչ համաձայնագրի ստորագրումը: Այն, որ ԵՄ-ն ստորագրել է համաձայնագիրը՝ նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան է, երկրորդ հայտարարությունը եղել է Գերմանիայի կողմից, որը, սակայն, դեռևս ճշտում է՝ արդյոք այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքները կապված անվտանգության ոլորտի հետ: «Դա խոսում է այն մասին, որ ԵՄ անդամ պետություններն ուշադիր դիտարկում են համաձայնագիրը, շատերի հետ կապի մեջ ենք և նրանք խոսում են այն մասին, որ գործընթացները սկսվել են: Քանի որ համաձայնագիրը բոլոր երկրների կողմից վավերացնելը ժամանակատար է՝ համաձայնագիրը նախատեսել է զգալի հատվածի ժամանակավոր կիրարկում: Այդ առումով, ըստ էության, կան հատվածներ վերաբերող գրեթե բոլոր ոլորտներին»,- ընդգծեց Քոչարյանը:

Հարցին՝ կան ժամկետներ, թե ԵՄ-ում վավերացման գործընթացը երբ կավարտվի, ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, որ ժամկետ նշելը կոռեկտ չէ, և դա այդ երկրների իրավունքն է: «Բայց մենք նաև ԵՄ գործընկերների հետ մեր հանդիպումներում հորդորում ենք, որպեսզի հնարավորինս արագ լինի վավերացման գործընթացը և նրանք նշում են, որ այդ ուղղությամբ կանեն ամեն ինչ»,– նշեց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում