Times.am | Պատերա՞զմ, թե՝ խաղաղություն
AM | RU
USD
EUR
RUB

Պատերա՞զմ, թե՝ խաղաղություն

 
 

Ե՞րբ է ավարտվում պատերազմը։

Արդյո՞ք թշնամու մայրաքաղաքը գրավելը բավարար է՝ այն ավարտված համարելու համար։
Եթե մենք գրավենք Բաքուն, բայց թշնամին շարունակի պարտիզանական պայքարը, արդյո՞ք կարելի կլինի պատերազմն ավարտված համարել։

-Իհարկե՝ ոչ։

Պատերազմներն ավարտվում են նախ և առաջ պատերազմողների գլխում։ Իսկ դրան հասնելու ձևերից մեկը թշնամուն հոգեպես հաղթելն է, այսինքն՝ ներշնչել, որ նա որևէ կերպ, որևէ տարբերակով երբեք իզորու չէ հասնել առավելության կամ հաղթանակի։ Սա հատկապես արդիական է, երբ թշնամին տեսակային անտագոնիստ է, և հարցը ոչ թե կենցաղային մակարդակում ինչ-որ վեճ է, այլ բնակության կոնկրետ արեալում լինել-չլինելու խնդիր։ Եթե պրոցեսները դիտարկում ենք զուտ հայ-ադրբեջանական ձևաչափում՝ երբեք չենք կարող ամբողջությամբ ըմբռնել առկա խնդիրը, քանի որ այն դուրս է սահմանային վեճ լինելու մակարդակից։ Բայց նախքան սահման հասկացությանն անցնելը՝ հասկանանք մի քանի կարևոր կետ։ Դրա համար կարիք կլինի ըմբռնելու այս քարտեզը և դրա հետ կապված մի շարք մանրամասներ։

Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե մոնղոլ-թաթարական արշավանքները տեղավորվում էին քաղաքական ներկայիս ընկալումներում և ազատագրական-գաղափարական հենք ունեին, քանի որ գերազանցապես թալանի ու նոր արոտավայրերի ձեռք բերման մղմամբ վարվող հարձակումները իրենց հիմքում ավելի պրիմիտիվ շարժառիթներ ունեին՝ անկախ դրանց աշխարհաքաղաքական հետևանքներից։

Ինչևէ, հատկապես 19-րդ դարից սկսել էին ակտուալ դառնալ տարատեսակ պան-իզմերը, որոնք ծավալապաշտական նույն գաղափարախոսության տարբեր դրսևորումներն էին։ Ի դեպ, հիմքում դրանք այդքան էլ սխալ չէին, քանի որ տեսակի պահպանման համար մղվող պայքարում հավաքական ուժը, միանշանակ, առավել էֆեկտիվ է, իսկ հավաքվել հնարավոր է ինչ-որ մեծ ընդհանուրի շուրջ, որը մեծ է և միևնույն ժամանակ հարազատ նրա մասը կազմող յուրաքանչյուրից և յուրաքանչյուրի համար՝ առանձին-առանձին և միասին վերցրած։

Միգուցե նաև այս կոնտեքստում, բայց փաստ է, որ 1800-ականներին ընթանում էր Ռուս-Պարսկական պատերազմը և այն ավարտվեց տարածաշրջանի քարտեզի վերաձևմամբ։ Բայց, խնդիրն այն է, որ քարտեզների կտրուկ և «արհեստական» փոփոխությունները չեն կարող տևական բնույթ կրել, եթե դրանք չամրագրվեն տարածքում բնակվողների գլխում։ Այլ կերպ՝ մեր օրինակով, ինչքան էլ Հայաստանը բաժանվել էր տարբեր անգամներ տարբեր պետությունների միջև Արևմտյան Արևելյան և այլ մասերի, միևնույն է տարածքում բնակվող հայերի գլխում այն մեկ ամբողջ էր(է)։ Նույնը կարելի է ասել Գերմանիայի «Բեռլինյան պատի» օրինակով։ Սակայն Հյուսիսային և Հարավային Կորեաների օրինակը ցույց է տալիս, որ սահմանն «հստակեցվում» է, եթե հաջողվում է թշնամացնել դրա կողմերում հայտնված բնակչությանը։ Հետևաբար՝ տարածաշրջանում հայտնված ռուսական զորքով գծված սահմանը չէր կարող երկար գոյություն ունենալ, եթե չլիներ դրա սահմանազատումը տեղի բնակչության գլխում։ Հայկական ներկայությունը, չնայած տարածքի բնական ու իրական տերը լինելուն և դավանաբանական տարբերություններին, բավարար էֆեկտիվ չէր այդ խնդրի լուծման համար, քանի որ բազմաթիվ պատերազմներից հյուծված, թուլացած և քանակապես զիջող բնակչությունը, դժվարությամբ սեփական լինելիության խնդիրն էր լուծում։ Բացի այդ՝ պետական անցյալ ունենեցող և սեփական հզոր պետությունը վերաստեղծելու տեսլականով հայրեը, առաջին հայացքից, ավելի անկախատեսելի էին, քան պետականության հզոր ավանդույթներ չունեցող և առավելապես քոչվոր կենցաղավարությամբ թյուրքական տարրը։ Թերևս դրանով էր պայմանավորված Իրանի հարավում՝ Ատրպատականի ազերի բնակչության շրջանում տարվող քարոզը, որով փորձ էր արվում նրանց թյուրքական ծագում վերագրել։ Դա կապահովեր Իրանի հետ Ռուսական սահմանի «բնական» սահմանազատումը, քանի որ նրանից հարավ բավականին մեծ տարածում ուներ թյուրքալեզու տարրը։ Սակայն իրենց հաշվարկներում հեռատես չէին այդ սահմանազատման ճարտարապետները, քանի որ թյուրքիզմի գաղափարախոսությունը բավականին արագ տարածվեց հենց թյուրքալեզու խմբերի շրջանում, որոնք, չնայած Ռուսաստանի հարավով մի հսկայական բնակության գոտի էին զբաղեցնում, բայց իբրև միաբանված էֆեկտիվ ուժ՝ հանդես չէին գալիս և առաջին հայացքից վտանգ չէին ներկայացնում։ Ինչևէ, փաստն այն է, որ 1900-ականների սկզբին պանթուրքիզմի գաղափարակիրներն արդեն ելույթ էին ունենում Դումայում և «22 միլիոն մուսուլմանների» անունից շանտաժի ենթարկում ո՛չ միայն ռուսական իշխանությանը։ Ըստ էության, պանթուրանական պլանների մասով քիչ բան է փոխվել և, ընդհանուր առմամբ, ո՛չ հօգուտ մեզ։ Այդ մասին մի փոքր անդրադարձ արել էի այս հոդվածում։ http://times.am/?p=169202&l=am

Սակայն այստեղ կցանկանայի խնդրին անդրադառնալ մի փոքր այլ տեսանկյունից։ Երբ ըմբռնում ենք թուրանի հիմնական շարժիչ գաղափարը՝ պանթուրքիզմը, ուրվագծվում են նաև դրա դեմ պայքարի որոշ մեթոդներ։ Դրանց մի մասը մենք տեսնում ենք, բայց բավարար չափով չենք ըմբռնում։ Խոսքը Ադրբեջան ու Ղրղստան պետությունների ստեղծմանն է վերաբերվում։ Մինչ 1930-ականները Ադրբեջանում ադրբեջանցի ազգություն չկար, խոսք էր գնում բնիկ ժողովուրդների (լեզգիներ, թալիշներ, ավարներ...և այլն) և թյուրք-թաթարական տարրի մասին։ Ստեղծելով Ադրբեջանը, ադրբեջաներեն եզրույթը և ադրբեջանցի ազգը՝ ըստ էության, մի փոքր սեպ խրվեց պանթուրքական պրոյեկտում։ Նույնը տեղի ունեցավ ղրղզներին ուզբեկներից «պոկելու» արդյունքում։ Այսօր կարելի է նկատել որոշակի թշնամանք տարածաշրջանի այլ պետությունների մեջ ևս՝ Տաջիկստան, Թուրքմենստան և այլն, որոնք պայմանավորված են տարբեր գործոններով։ Սակայն այս ամենը չի ժխտում վտանգի արդիականությունը։ Վերը նշած հոդվածում մեջբերել եմ Նազարբաևի խոսքերը, որոնք նա հնչեցրել է 2012 թվականին՝ Թուրքիայում։ Ուսումնասիրելով պրոցեսները և դրանք համակարգում դիտարկելով՝ տեսնում ենք, որ փոխվել են բնակչության թվերը (բազմապատկվել առնվազն մեկ զրոյի հավելումով), իբրև Թուրանի աշխարհաքաղաքական կենտրոն և քարշակ փորձում է ներկայանալ Ղազախստանը, իսկ Թուրքիան ընդլայնվում է դեպի Եվրոպա, օգտագործելով իսլամական ֆակտորը, բայց գաղափարը և դրա իրագործման համար գործողությունները շարունակում են զարգանալ։ Ասյտեղ ցավալի է նաև այն հանգամանքը, որ չեն խրատվում նաև ռուս-թուրքական հարաբերությունների ճարտարապետները։ Եւ ինչպես նախորդ դարասկզբին պանթուրանիզմի առաջընթացը կասեցնելու համար ստեղծվեց Ադրբեջան պետությունը՝ գերազանցապես հայերիս ու Հայաստանի հաշվին՝ նրանց տալով Արցախի ու Նախիջևանի վրա վերահսկողություն, գործնականում նույն սխալները կրկնվում են և հիմա։ Պատահական չէ, որ Նախիջևանի հետ՝ թեկուզ փոքր, բայց ուղիղ միջանցք ունենալու հարցը միջազգային մակարդակի էր բարձրացվել Թուրքիայի կողմից։ Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանը միակը չէ իր սխալներով։ Արդարության համար պետք է նկատենք, որ Անգլիան ևս պատվիրակ էր ուղարկում Հայաստան՝ դեռևս նախորդ դարասկզբին, որպեսզի Անդրանիկին ամեն գնով հետ պահեր Արցախն ազատագրելուց։ Սա այն կարևոր առանցքներից է, որ ցայսօր չենք ըմբռնել՝ առաջին աշխարհամարտի ելքի վրա Սարդարապատում տարած հաղթանակի, Առաջին Հանրապետության կերտման կարևորությունը։ Չենք ըմբռնել ու շարունակում ենք նույնչափ թերի գնահատել ժամանակակից աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման վրա մեր ունեցած դերը։ Սա թերևս մեր գլխավոր բացթողումն է, որովհետև բավարար մակարդակով չենք հասկացնում «քաղաքակիրթ աշխարհին», որ «եթե չլինի տարածաշրջանում Հայաստանը՝ Հայերով, դուք լուրջ, շա՜տ լուրջ խնդիրների առջև կկանգնեք», և, ցավոք, մեր կողմից ապահովվող խաղաղությունը մենք շատ «էժան ենք վաճառում»։ Եթե ուշադիր ուսումնասիրենք ներկայիս պրոցեսները, կնկատենք, որ հիմա էլ շատ բան չի փոխվել, և անգլիական դեսպանատան ջանքերով տարատեսակ «մարդասիրական» դրամաշնորհներ են առաջարկվում, որոնք գերազանցապես ուղղված են մեր սահմանամերձ բնակչության շրջանում «խաղաղասիրական» քարոզչություն ծավալելուն։ Չնայած նրան, որ Վարդան Այգեկցու՝ գայլերի և ոչխարների մասին հայտնի առակը հասանելի է դեռ դպրոցական նստարանից, բայց, փաստորեն, մեր շարքերում էլ, պարզվում է, դեռ կան «ոչխարներ», որոնք կարծում են, թե խաղաղության հնարավոր է հասնել՝ Ադրբեջանին հող (կամ ինչ-որ բան) զիջելու միջոցով։ Հուսադրող է այն հանգամանքը, որ նախորդ տարում պարզ դարձավ, որ նրանց թիվն, ըստ էության, չի գերազանցում 1,6%-ը։ Այնուամենայնիվ մոտ 2,5 միլիոնի համար 1,6 տոկոսն այդքան էլ փոքր թիվ չէ։ Իսկ պատկերն առավել մտահոգիչ է, երբ նկատում ենք, որ նրանց մի մասն ունեն քարոզչական լայն հարթակներ, տպարաններ, և դպրոցական լսարան մուտք գործելու հնարավորություն, և նա՛և այդ ամենի շնորհիվ՝ ի զորու են «մեծ ղալմաղալի» տպավորություն-էֆեկտ ստեղծել։

Այս պրիզմայով եթե նայենք և էլի տանք հարցը՝ «պատերա՞զմ, թե՝ խաղաղություն», առավել հստակեցվում է պատասխանը։ Պարզ է, որ Հայկական ֆակտորը տարածաշրջանում ուղիղ խոչընդոտ է պանթուրքիզմի ծրագրերին։ Հայաստանով գծված հստակ սահմանը վերացնելու կամ լղոզելու համար, հարկավոր է կա՛մ հայերին ձուլել թուրքական մեծ ընտանիքի մեջ, կա՛մ թուլացնել և պարալիզացնել՝ անպաշտպանության ու եղած-չեղածի մակարդակի, կա՛մ իսպառ բնաջնջել տարածաշրջանից՝ որպես գործոն։ Վերջին տարբերակը բազմիցս փորձել են և համոզվել, որ գործնականում անհնար է։ Դրա վտանգն, այնուամենայնիվ, կա՛, և ապրիլն ու մշտական կրակոցները դրա վկայությունն են։ Սակայն զուգահեռ զարգացվում են նաև մյուս երկու ուղղությունները։ Նկատած կլինեք՝ տարբեր մակարդակներով տարվող քարոզչությունը, թե իբր հայերն ու թուրքերը նույն գեներն ունեն, թե՝ հայերը օսմաններ են և նմանատիպ այլ քարոզչական ծրագրերը, որոնք հիմնականում արվում են «հայերի» բերանով՝ հատկապես ներքին լսարանի համար։ Նույն կոնտեքստի մեջ է նաև թշնամու կողմից հարթակ նետված «հայուգեն» թեման ու դրա շուրջ տարվող կազմակերպված ծաղրը, որին հաճախ կուլ են գնում մի շարք «զարգացած» հիմարիկներ։ Այստեղ նպատակ չեմ հետապնդում հանրայնացնել այդ քարոզչությունը տանող «ֆիգուրներին» և դրանց գործիքակազմը, ուստի՝ այս նախադասությամբ սահմանափակենք այդ կետը՝ դրանց հարցերով զբաղվելու գործը թողնելով գործից հասկացողներին։

Մյուսը՝ պարալիզացնելու ուղղությամբ տարվող քայլերն են։

Դեռ անկախությունից սկսած՝ սկիզբ դրվեց այդ պրոցեսին, քանի որ որոշ «հանճարեղ ուղեղներ» որոշել էին, որ մեզ պետք չէ ո՛չ անվտանգություն, ո՛չ հետախուզություն, ո՛չ բանակ, ո՛չ գիտություն... Ավելին, ուղիղ տեքստով հնչեցվեց, որ «մեր պաշտպանությունը անպաշտպանության մեջ է», իսկ «ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ քաղաքական կատեգորիա»։ Ցավոք, այդ գիծը ցայսօր շարունակում են և, ինչպես վերը նշեցի, դրա գլխավոր քարզիչներն ունեն հասանելիություն դպրոցներում և տարատեսակ զանգվածային քարոզչական միջոցներին։ Իհարկե, խաղաղ ճանապարհով ձուլում ու վերացում կամ, ինչպես իրենք են ասում՝ «խաղաղություն» զիջումների միջոցով, հնարավոր է։ Բայց արդյո՞ք տրամաբանական է վերացող փոքրամասնության քմահաճույքով՝ վտանգել ապրել ցանկացող մեծամասնության անվտանգությունը։ Իհարկե՝ ոչ։ Կործանվել՝ նրանք կարող են և ա՛յլ երկրում՝ ա՛յլ միջավայրում ձուլվելով, ոչ-ոք նրանց չի պարտադրում պայքարել սեփական լինելիության համար, բայց մենք իրավունք ունենք արգելել նրանց, որպեսզի չվտանգեն՝ տեսակային մե՛ր լինելիությունն ապահովելու գործը։

Ինչ խոսք, շատերն օբյեկտիվորեն կնշեն թուլացնող ու պարալիզացնող մի շարք խնդիրներ ևս՝ ինչպիսիք կոռումպցիան է, կաշառակերությունը, կադրային վատ քաղաքականությունը, կրիմինալիզացիան և նման այլ գործոններ։ Սակայն դրանք առավելապես պրիմիտիվ էգոիզմի և լոկալ իդիոտիզմի կապիտալիստական դրսևորումներ են, որոնցից, բնականաբար, կարո՛ղ է և, վստա՛հ եմ՝ օգտվում է նաև թշնամին։ Բայց այս մասին շատ է խոսվել (և խոսվում), այդ իսկ պատճառով կշրջանցեմ դա, առավել կենտրոնանալով համակարգային մի քանի խնդրի վրա, որոնք, կարծես, դեռ բավարար չափով չեն գիտակցվում։

Անշուշտ, նկատելի են ջանքերը, որոնք ուղղված են խորացնելու հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրանի իրագործմանը խոչընդոտող այլ ուժերի հետ։ Սակայն բավարար «ագրեսիվություն» և հետևողականություն չի ցուցաբերվում դրանք ռեալիզացնելու պրոցեսներում։ Բնականաբար, դրա համար անհրաժեշտ է կայունություն և վստահություն՝ նախ և առաջ «թիկունքում»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ներպետական ամրությանն է վերաբերվում, այլ առավել մեծ մասշտաբներ ընդգրկող՝ ներազգայի՛ն ներդաշնակությանը։ Այս առումով 2016 թվականի ապրիլը և դրա շուրջ համազգային կոնսոլիդացիայի «ինքնաբուխ էքսպերիմենտը» լավագույն օրինակն էին առ այն, որ՝ ոչ միայն չի սպառվել ազգային պոտենցյալը, այլև որ գործնականում չի օգտագործվում հայության հավաքական ներուժը՝ համազգային խնդիրներ լուծելու գործում։ Բնականաբար, սրան հետևած Ազգ-Բանակ հայեցակարգը ներկայումս առաջ քաշված, թերևս լավագույն, բնական և օրինաչափ ֆորմուլան է, որն արտացոլում է ազգի՝ որպես հավաքական միավորի խնդիրրները մարդկության պատմության և համակեցության համատեքստում (այդ մասին մի փոքր ավելի մանրամասն՝ այստեղ http://times.am/?p=225668&l=am

Այդուհանդերձ, գտնում ենք, որ դեռևս հում է «ազգ-բանակ», «բանակ» և, ընդհանրապես՝ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունների ընկալումը պետական և հասարակական ամենատարբեր մակարդակներում։ (Վերը նշված հոդվածում, փորձ է արված մի փոքր պարզաբանումներ մտցնելու հիշատակվող հասկացությունների շուրջ, և թեմայով հետաքրքրվողները կարող են լրացուցիչ ժամանակ հատկացնել՝ ծանոթանալու նյութին)։

Այստեղ կցանկանայի ընդգծել, որ բավարար չափով և ճիշտ չէ մատուցվում «պատերազմ» եզրույթը՝ դրան վերագրելով միայն նրա՝ կոշտ-ֆիզիկական բնութագրիչներով դրսևորման ձևաչափը։ Բանն այն է, որ պատերազմն անխուսափելիորեն ունի տնտեսական և արժեհամակարգային բաղադրիչներ, և որ ամենակարևորն է՝ դրան պատրաստվելու ժամանակաշրջան։ Ըստ էության, Խաղաղությունը ոչ այլ ինչ է, քան հաջորդ պատերազմին պատրաստվելու ժամանակահատված-հնարավորություն։ Որքան էլ ցավալի է հնչում, բայց մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, որտեղ լինելիության իրավունք են վաստակում «խաղաղության» շրջանում լավագույնս պատրաստված միավորները։ Ակնհայտ է, որ «խաղաղության» տևողությունը կարելի է երկարաձգել՝ պատերազմին պատրաստվելու մակարդակն ու մեթոդները առավելագույն կատարելագործման հասցնելով։ Ընդ որում, խոսք է գնում, ո՛չ միայն ֆիզիկական և նյութատեխնիկական, այլ նախ և առաջ՝ գաղափարական և հոգեբանական պատրաստության ասճիտանի մասին։ Քանի որ, հստակ է, որ պատերազմն ավարտվում է, երբ հակառակորդդ համոզվում է քեզ հաղթելու անհնարինության մեջ։

Այդ իսկ պատճառով, կարևոր է սկսել հենց դպրոցից՝ ամենալայն դրսևորման դաշտ ընձեռնելով հայրենաճանաչությանն ու հայրենատիրությանը միտված միջոցառումներին, և ընդհակառակը՝ բացառել ցանկացած օտար տարրի ներթափանցումը դպրոց։
Եթե ավելի առարկայական օրինակներով խոսելու լինենք, ապա «սեռական դաստիարակություն» եզրույթի փոխարեն՝ պետք է խոսվի «վերարտադրողական առողջության մասին կրթության» վերաբերյալ՝ խրախուսելով ծնելիությունն ու բազմազավակությունը (հաշվի առնելով 200 000 000 թյուրքալեզու տարրը՝ թուրանի իրագործման պրոցեսում, ակնհայտ է՝ հայ ազգի լինելիությունն ապահովելու համար մեզնից ակնկալվող աճի տեմպերը)։

Տարատեսակ այլանդակություններն ու նրանց իրավունքներն ուսումնասիրելու, վտանգավոր օրենքներ և օրինագծեր ներմուծելու փոխարեն՝ առավելագույնս պետք է լուսաբանվի հայկական ավանդական ընտանիքի մոդելը՝ իբրև պետականակենտրոն և ազգապահպան կարևոր միավոր։

Այսպես կոչված՝ հակածխախոտային ակցիաների, թրաֆիկինգի, թմրանյութերի և այլնի դեմ միջոցառումների կազմակերպման փոխարեն (որոնք ըստ էության ենթագիտակցության մեջ խթանող դեր են կատարում), խրախուսել առողջ կենսակերպը, մարտարվեստները, արշավները, հայրենաճանաչությունը։

Աղանդավորական և այլ նմանատիպ փոքրամասնությունների իրավունքների դասավանդման փոխարեն՝ առավելագույնս ժամանակ հատկացնել գիտությանը՝ ֆիզիկային, ռոբոտաշինությանը, նանոտեխնոլոգիաներին և բիոինժեներիային, ... ։
Տարատեսակ լիդերության դասընթացների փոխարեն խրախուսել հավաքական մեկ ամբողջի՝ կարևո՛ր, բայց մասնիկը լինելու գիտակցությունը։

Իրավունքներին զուգահեռ՝ ցույց տալ պարտականություններն ու պարտավորությունները։

Կարիք կա՞ արդյոք, մանրամասնելու, թե թշնամական տրամադրված սուբյեկտները է՛լ ինչ ճանապարհներով կարող են թուլացնել ազգի մարտունակությունն ու պաշտպանական համակարգերը, որպեսզի պարզ լինի նաև, թե ինչ պե՛տք է, և ինչ չպե՛տք է անի ՄԵ՛Ր պետությունը։

Այս օրինակների շարքը կարելի է երկար շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, որ ցավոք, արմատական սխալներ ունենք առաջին հերթին անկախության գաղափարի ըմբռնման հիմքում։ Ըստ էության, անկախությունը, ոչ թե այս կամ այն պետությանը կապկելու կամ, որևէ շուկայի ինտեգրվելու թույլտվություն է, այլ, առաջին հերթին՝ տեսակային լինելիությունն ապահովելու անհրաժեշտ բաղադրիչ։ Վերջ ի վերջո մարդկության մասը կազմելով և երկիր մոլորակի բնակիչը լինելով՝ բոլորս էլ այս կամ այն չափով փոխկապակցված ենք և փոխինտերգրված։ Սակայն մոլորակի վրա չկա որևէ այլ երկրորդ երկիր, որտեղ պետությունը կզբաղվի հայ տեսակի պահպանությամբ։ Մենք պետք է հասկանանք, որ դա վերապահպված է և հանդիսանում է ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱ՛Ն ՀԱՅԱՍՏԱ՛Ն ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, և անկախության էությունն առաջին հերթին խարսխված է հենց ա՛յս ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ։

Ցավոք, մենք այնքան ենք տարվել «քաղաքական խաղերով», որ նույնիսկ չենք նկատում մեկ այլ՝ լուրջ խնդիր ևս, որն հասնունանում է Հայաստան/Արցախ սահմանազատման ֆոնին։

Վերջերս տեղի ունեցած մի միջադեպի շրջանակներում, փորձ արվեց արհեստական էսկալյացիայի ենթարկել մոտ 25 տարի (գուցե ավելի) տևող ու խորացվող խնդիրը։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու՝ դարով ձգվող Հայաստանի բաժանումը՝ Արևելյան և Արևմտյան բաղադրիչների, երբեք չբերեց երկու պետության կամ, որ առավել սարսափելի է, առանձին էթնիկ միավորների առաջացման վտանգի։ Նույնիսկ նախորդ դարասկզբին բոլշևիկյան ղեկավարության որոշմամբ փոփոխված ուղղագրությունը, որն էական վնաս հասցրեց արևելահայերեն և արևմտահայերեն լեզվական ճյուղերի ներդաշնակ զարգացմանը, նույնիսկ Արևմտյան Հայաստանի ժամանակավոր կորուստը՝ չհանգեցրին նման խնդրի, ինչին այսօր ականատես ենք լինում՝ Հայաստան-Արցախ արհեստական տարանջատման շրջանակներում։

Ո՞րն է պատճառը։

Թե՛ Արևելյան, և թե՛ Արևմտյան հատվածները կոչվում էին Հայաստան, և ծննդավայրի ճշգրտման դեպքում ևս, մարդը ներկայանում է արևելյան կամ արևմտյան ՀԱՅԱՍՏԱՆԻՑ։ Նույնը՝ կարելի է պնդել և Կիլիկիան ՀԱՅԱՍՏԱՆԻ համար։ Ինչպես տեսնում ենք, բոլոր դեպքերում առանցքային է ՀԱՅԱՍՏԱՆ բառը։

Այսօր ինչ-ինչ ուժեր փորձ են անում Արցախի շուրջ ծավալվող խոսակցությունները կապել իշխող վերնախավի հետ։ Մինչդեռ լավ ուսումնասիրելով շատերի կենսագրությունը՝ ակնհայտ կդառնա, որ նրանց մեծ մասի համար Արցախը չէ ծննդավայրը։ Հայկական Պետության պատմության հետսովետական ժամանակաշրջանը մենք սկսեցինք մեր Հայրենիքի Արցախ հատվածի ազատագրման պրոցեսով։ Մոտ 30 տարի երկիրը ղեկավարում է մի սերունդ, որի՝ գործնականում բոլոր ներկայացուցիչներն ուղղակիորեն առնչվել են Արցախյան պատերազմին և, ըստ էության, սկսել իրենց քաղաքական կենսագրությունը Արցախով։ Տրամաբանական է, որ նրանք բոլորն էլ այս կամ այն չափով կընկալվեն (կներկայացվեն) իբրև արցախցի։

Նույն հաջողությամբ, եթե հետսովետական Հայաստանի կենսագրությունը սկսվեր, ոչ թե Արցախի, այլ, ասենք՝ Կարսի կամ Նախիջևանի ազատագրությամբ, ապա այսօր կունենայինք «կարսեցի» կամ «նախիջևանցի» քաղաքական գործիչների սերունդ։ Այս առումով արհեստական օրակարգ մտցվող խնդիրն հստակ է, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ոմանց ձեռքին քաղաքական մանիպուլիացիաների զզվելի գործիք։

Սակայն մենք պարտավոր ենք անկեղծ լինել ինքներս մեր հետ, և նկատել, որ եթե Հայաստանի մի տարածք անվանում ենք այլ՝ Հայաստանից տարբեր անվանմամբ պետություն, ապա ինքնաբերաբար տեղաբնիկների մոտ լեկսիկոն է մտնում «իրենցից դուրս գտնվող» պետությունը Հայաստան անվանելու ձևաչափը։ Այստեղ մեղքը ոչ թե արցախցիներինն է, այլ Հայաստան/ Արցախ թատրոնը Հայ ազգի վզին փաթաթած սրիկաներինը։

Կրկնում եմ, խոսքը շատ ավելի նուրբ՝ հոգեբանական, ենթագիտակցական մեխանիզմներին է վերաբերվում, որոնք լուրջ ճկունությամբ խաղացվում են իրական թշնամու կողմից, արհեստականորեն սահման գծելով Հայաստանի հատվածների միջև։ Հետևաբար, մենք պարտավոր ենք անգամ ամենակոշտ մեթոդներով տեղնուտեղը խեղդել նման արհեստական տարանջատումներ մտցնելու ցանկացած փորձ՝ դա համարելով թշնամական ուղիղ գործողություն՝ ազգային անվտանգության նկատմամբ։

Երբ դրված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը փոփոխելու հարցը, մտահոգություն էի հայտնել, որ «Լեռնային» եզրույթի դուրս բերումը շրջանառությունից, ենթագիտակցական մակարդակում դուրս է թողնում Դաշտային Արցախի նկատմամբ մեր պատմական արդար հավակնությունները։ Այս, և հոդվածի սկզբում «արհեստական սահմանագծման» վերաբերյալ բերածս մի շարք օրինակները համադրելով, ինչպես նաև, հաշվի առնելով վերջին շրջանում պարբերաբար օրակարգ բերվող հայաստանցի-արցախցի արհեստական տարանջատման խոսակցությունները՝ այլևս ակնհայտ է, որ մենք պարտավոր ենք օր առաջ քայլեր ձեռնարկել՝ հարցն արմատապես լուծելու համար։

Ուստի, պետական օրակարգ մտցված Ազգ-Բանակ կարևորույն գաղափարախոսությունն իրագործելու համար, նախ և առաջ պարտավոր ենք արմատախիլ անել և իսպառ վերացնել այդ գաղափարին խոչընդոտող և այն թուլացնող ցանկացած կեղծ և վտանգավոր օրակարգ։

Ամփոփելով, մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք, որ ապրում ենք մի տարածաշրջանում և շրջապատված ենք այնպիսի խնդիրներով, որ դատապարտված ենք լինել ուժեղ, ավելի՛ ուժեղ, է՛լ ավելի ուժեղ.... կամ իսպառ լեքել մարդկության թատերաբեմը...

Սա ենթադրում է՝ դուրս մղել բոլոր կեղծ պացիֆիստական օրակարգերը, ուղիղ նայել ճակատագրին և հասկանալ, որ կյանքը ոչ այլ ինչ է, քան լինելիության համար մղվող անողոք պայքար, որտեղ հաղթում են միմիա՛յն ուժեղները։ Ինչ խոսք, տարբեր ժամանակներում եղել են, կան և կլինեն ինդիվիդուումներ, որոնք հոգնել են լինելիության համար մղվող գոյամարտում և պատրաստ են կամովին լքել մարդկության թատերաբեմը։ Սակայն պետք է փաստենք, որ ազգը չի սահմանափակվում ժամանակի տվյալ հատվածում գոյություն ունեցող ինդիվիդների հանրագումարից, այլ ներառում է նաև անցյալում գոյության համար արժանի պայքար մղած և ապագայի հեռուներում՝ բազմապատիկ ավելի հզոր դարձող հավաքական ամբողջը։ Եւ մենք՝ ներկայիս սերունդները, պարտավորություններ ունենք թե՝ անցյալի, և թե, հատկապես՝ ապագայի՜ սերունդների առջև։ Ուստի, առավել քան պարտավոր ենք շահել շախմատային մեր բաժին պարտիան՝ տեսակների, լինելիության հավերժական պայքարում։

Հարգանքներով,

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

06.04.2018թ.

Լրահոս
Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan