«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փնտրում է քավության նոխազներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փնտրում է քավության նոխազներ

 

Իշխողներից գո՜հ եմ շատ, որ «նյութ» են տալիս,
Ծիծաղելի բարքերով «օգուտ» են տալիս…
Եթե ծիծաղ չլիներ՝ ծանծա՛ղ կլիներ,
Դրախտում օձ չէր լինի, թե…ոզնի լիներ:

Եթե այսօր ազգովին չծիծաղենք մենք՝
Կծիծաղի թշնամին: Դա միշտ էլ հիշե’նք:
Արամայիս Սահակյանը…ասում է մեկ-մեկ.
Կծիծաղեք մեկից մեկ, եթե…ինձ նայեք:

Արամայիս Սահակյան

Այս տողերի հեղինակը Արամայիս Սահակյանն էր, ով հումորով մարդ էր ու գտնում էր, որ հումորով հնարավոր է հաղթել։ Այո, նա հումորիստ էր, բայց ոչ քաղաքական գործիչ։ Նա առաջարկում էր հումոր, բայց ոչ քաղաքական օրակարգ։ Նա մարդկանց հետ կատակում էր եթերում, բայց ոչ հանրահավաքում։

Իհարկե հանրահավաքի ժամանակ հումորը նույնպես պետք է պահել, բայց այն չափաբաժնով, որպեսզի մասնակիցը քաղաքական հռետորին չշփոթի երգիծաբանի հետ։
Չափն անցնելը մատնանշում է օրակարգի բացակայությունը ու նպատակների անիրականալի լինելու հստակ գիտակցումը։

Իսկ ներկա գործընթացներում անլրջությունն ու հումորի մեծ չափաբաժինը ամբողջովին երկրորդում են քաղաքական նպատակներն ու քաղաքական ասելիքները։

Հռետորներն ու հատկապես կազմակերպիչները շատ լավ են հասկանում, որ ժամանակին մանդատները վերցնելով ու բողոք չներկայացնելով օրինականացրեցին այսօրվա Ազգային Ժողովը։

Մեկ տարի լռելով՝ դժվար չէր պատկերացնելը, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով հեռու չի լինելու այն օրը, որ իրենց կողմից օրինական ճանաչված ԱԺ մեծամասնությունը մի օր առաջադրելու է իր կողմից ցանկալի վարչապետի թեկնածու։ Ու այսօր մեծամասնությունից պահանջել սեփական թեկնածուից հրաժարվել, քաղաքական տգիտություն է։

Դա իրենք շատ լավ են հասկանում, բայց հասարակական լայն շերտերը դա կարող են չընկալել։ Հետևաբար անհրաժեշտ է պայքարի իմիտացիոն գործողություններ, որպեսզի հանրության լայն շերտերին ապացուցեն, որ իրենք սկզբունքային ընդդիմադիրներ են, սկզբունքային պայքարողներ, անարդարություններ չհանդուրժող․․․

Այդ ամենը հետապնդում է հեռահար նպատակներ ու մասնավորապես միակ իրական ընդդիմադրի տիտղոսը նվաճելու փորձ։ Այլ խոսքով, պայքարը ընթանում է ոչ թե ընդդիմության ու իշխանության, այլ ընդդիմության ու ընդդիմության միջև։
Հակառակ պարագայում գործողությունները կիրականացվեին առավել լայն կոնսոլիդացիայով(մեկ, երկու մարգինալ ու մոռացված ուժերի կամ գործիչների միանալը էական չէ), ելույթների շեշտադրումները կլինեին առավել իրատեսական ու առավել քաղաքական։

Սակայն այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք։ Տանուլ տված պայքարի արդյունքում պետք է և պահպանել իրական ընդդիմադրի տիտղոսը, և փնտրել քավության նոխազներ, ովքեր կկրեն պարտության պատասխանատվությունը։

Սա շատ հին ու փորձված մեթոդ է։ Նախքան քայլ կատարելը գործողությունները չհամապատասխանեցնել երբեմնի դաշնակիցների հետ, սեփական մամուլով վարկաբեկել նրանց ու միայն քայլն անելուց հետո հրավիրել միանալու՝ շատ լավ գիտակցելով հնարավոր արձագանքը։

Գուցե շատ պրիմիտիվ է հչում այս ամենը, բայց իրականում պետքէ չէ ամեն ինչի խորքում խորիմաստ ու վեհ նպատակներ փնտրել։ Հաճախ վեհ նպատակների հիմքում ընկած են պրիմիտիվ շարժառիթները։

Իսկ որո՞նք են իրականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարժառիթները։ Իմ պատկերացմամբ, հիմնական նպատակը մեկն է, նվաճել միակ ընդդիմադրի տիտղոսը, իսկ պարտության պատասխանատվությունը բարդել իրենց չմիացած ուժերի վրա, մասնավորապես քավության նոխազի դերում տեսնել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում