Կառավարության օժանդակությամբ թեթև արդյունաբերության բնագավառում կիրականացվի խոշոր ներդրումային ծրագիր

Կառավարության օժանդակությամբ թեթև արդյունաբերության բնագավառում կիրականացվի խոշոր ներդրումային ծրագիր

Կառավարությունը բավարարել է «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է թեթև արդյունաբերության մեջ։

«Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10,9 մլրդ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 175 աշխատատեղ՝ 192 000 դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարայանը։

Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 23 մլրդ դրամ, որի մի մասը՝ 3,1 մլրդ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 13,3 մլրդ դրամի արտադրանքը, կարտահանվի ԵԱՏՄ, իսկ 6,7 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում