Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը

Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակը հաղթահարելու միակ իրավական ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն է համարում:

«Պետք է հասկանանք, որ այսօր մեր երկրում ստեղծվել է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, և դրա լուծման իրավական ճանապարհը մեկն է` արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք նաև հասկանում ենք, որ մինչ ընտրությունները պետք է լուծվեն մի քանի իրավական հարցեր, մասնավորապես` ռեյտինգային տարածքային ցուցակների հանում, միասնական մատնահետքի ներառում կամ որևէ այլ մեխանիզմի ներդրում, որը կբացառի կրկնակի քվեարկությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց՝ քաղաքական կոնսենսուսի առկայության դեպքում մինչև հուլիս կարող են ավարտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը և աշնանը գնալ արտահերթ ընտրությունների:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի մեծամասնություն վերցնելու ճանապարհով, քանի որ ԲՀԿ-ն ունի հանրային վստահություն:

Հարցին` ԲՀԿ-ն այս պահին բացո՞ւմ է նախընտրական շտաբներ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց կուսակցության գրասենյակները միշտ բաց են եղել: «Մենք հաճախ ենք հանդիպում մեր կառույցների ղեկավարների հետ և քննարկում մեր կուսակցության վերաբերյալ խնդիրներ»,-ասաց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում