Յուրովի ընտրակաշա՞ռք, թե պոպուլիզմ

Յուրովի ընտրակաշա՞ռք, թե պոպուլիզմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Առաջին հայացքից լավ է, երբ ընդունվում է որոշում, որով ներվում են տեսանկարահանող սարքերից և արագաչափերից ֆիքսված նախկինում կատարված ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումները։

Ընդհանրապես ինքս կողմ եմ, որ հանվեն այդ սարքերը, քանի որ վստահ չեմ, դրանց արդյունավետությանը։ Սակայն դա հարցի մյուս կողմն է։ Եթե գործում են, ապա առնվազն կասկածելի են ու ինչ որ առումով անարդարացի նախկինում կատարված խախտումների վերաբերյալ ակտերի չեղարկումը։

Կասկածելի են այն առումով, որ դրանք կարող են թողնել յուրովի ընտրակաշառքի տպավորություն։ Երբ հայտարարվում է, որ ապագայում սպասվում են ընտրություններ ու դրան զուգահեռ չեղարկվում են խախտումների արձանագրությունները, ապա շատ քիչ են տարբերվում այն երևույթներից, երբ ընտրություններից առաջ մարվում են որոշ համայնքներում էլեկտրաէներգիայի, գազի գումարները, կամ տեղի են ունենում ասֆալտապատումներ ու փողոցային լուսավորություններ։

Ոչ այս, ոչ այն դեպքում, ինչ խոսք որևէ մեկը չի հայտարարում, որ դրանք ընտրություններին միտված քայլեր են, սակայն դեռևս չկա նախադեպ, որ այդ աշխատանքները կամ գազի, լույսի դիմաց վճարումների զիջումը տեղի ունենան ընտրություններից հետո։

Եվ պետք էլ չէ, որ մարդկանց ներեն լույսի կամ գազի վճարները, եթե մարդը չի գտնվում սոցիալապես ծայրաստիճան վատ պայմաններում։ Թե լույսը և թե գազը ապրանքներ են, ինչպես ցանկացած մեկ այլ ապրանք, որի դիմաց մարդը պետք է վճարի։

Նույնն էլ այս դեպքում։ Եթե կա օրենք, որով սահմանված է, որ մարդը տվյալ խախտումն անելու դեպքում պետք է մուծի սահմանված գումարի չափով տուգանք, ապա այդ տուգանքների մասսայական չեղարկումն այլ տպավորություն չի թողնում, քան քվե ստանալու ակնկալիք։

Իսկ անարդարացի են, որովհետև տուժում են այն քաղաքացիները, ովքեր առավել օրինապաշտ են։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր միտումնավոր կամ ակամա խախտել են երթևեկության կանոնները, սակայն հետո արդեն ոչ ակամա ու հետևողականերեն խուսափել են պատասխանատվությունից, գտնվում են շահեկան վիճակում այն մարդկանց համեմատ, ովքեր պարտաճանաչորեն ու առանց պատասխանատվությունից խուսափելու վճարել էն այդ տուգանքները։

Եթե ներկայիս իշխանությունները գտնում են, որ այդ տեսասարքերն ու արագաչափերը խախտում են մարդկանց իրավունքները, ապա պետք է որոշում կայացնեն դրանց ապամոտնաժման վերաբերյալ։ Բայց եթե թողնում են դրանց գործածումը ու սոսկ չեղարկում են նախքան իրենց արձանագրված ակտերը, ապա եթե ոչ ընտրակաշառք, ապա հաստատ իր մեջ ներառում է մեծ չափաբաժնով ու անտեղի պոպուլիզմ, ինչը ընտրություններից առաջ թողնում է նույն էֆեկտը։

Այլ բան է, որ կառավարությունն արագ որոշում կայացնի տուգանքի չափերի կտրուկ նվազման։ Դա կլինի հստակ քայլ ու չի առաջացնի մարդկանց արդարացի դժգոհությունները:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում