Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Tert.am: ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկել է «Նոր սերնդի կրթությունը հարթակի ձևավորումը 1-ին քայլ» բաց միջոցառումը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ այն նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար:

Մարի Լու Փափազյանը շեշտեց, որ այս օրերին պետք է պատրաստել և ԿԳ նախարարության քննարկմանը ներկայացնել այնպիսի փաթեթ, որը կնպաստի կրթական բարեփոխումներին:

«Պետք չէ բավարարվել միայն բարեփոխումներով, այլ պետք է ձգտել այնպիսի համակարգ ունենալ, որը կհամարվի աշխարհի ամենազարգացած կրթական համակարգերից մեկը: Ունենք 3 հստակ նպատակ, որի վրա հաջորդ 6 շաբաթվա ընթացքում աշխատելու ենք:

Այդ 3 նպատակներից են. 1-ին՝ հավաքել բոլոր ռեսուրսները, ծրագիրներն ու գաղափարները, որոնք կարող են նպաստել կրթության ոլորտում բարեփոխումներ կատարելուն, 2-րդ՝ ձևավորվել հստակ տեսլական, որը կուղղորդի այդ բարեփոխումները, 3-րդ՝ ունենալ ժամանակացույց, որն անմիջապես ընթացք կտա բարեփոխումներին»,- ներկայացրեց Մարի Լու Փափազյանը:

Քննարկմանը ներկա Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ կարծում է, որ կրթության նկատմամբ վերջին 2-3 շաբաթում ձևավորված հետաքրքրությունը գնալով մեծանում է, ինչն ինքը կարևոր ազդակ է համարում:

«Այն առումով է կարևոր, որ հեղափոխությունից հետո նոր իշխանություններն այս ոլորտներում պատրաստվում են փոփոխություն բերել՝ ոլորտի մասնագետների հետ համագործակցելով: Դրա կարիքը կա՝ ավելի լավ հայեցակարգեր կրթական ոլորտ բերելու համար: Խնդրում եմ, որ կենտրոնանանք լուծումների վրա, որովհետև, տարիներ շարունակ լինելով այդ ոլորտում ընդգրկված մարդ, մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, որտեղ հիմնականում վեր են հանվել խնդիրները, բայց լուծումների առումով մենք բավականին շատ խնդիրներ ունենք»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նկատեց, որ պաշտոնավարման 2 շաբաթվա ընթացում, արդեն իսկ վեր է հանել բազմաթիվ օպերատիվ խնդիրներ, զուգահեռ ռազմավարական ու մարտավարական գործողություններ իրականացնել:

«Ցանկանում ենք նոր գաղափարներ ներգրավել, այն էլ բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզներից սկսած մինչ բուհական կրթություն: Բոլոր օղակներում մենք լուրջ խնդիրներ ունենք: Ուսումնասիրեցի միջին մասնագիտական ոլորտը, որտեղ նույնպես խնդիրները բազմազան են, որոնց լուծումները թույլ կտան կրթությունը կապել աշխատաշուկայի ու նորարարական ուղղությունների հետ»,- շեշտեց նախարարը:

Վերջինը հիշեցրեց, որ իրենց համար առաջնային է բուհերի ապաքաղաքականացումը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխումը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ԿԳՆ-ում մինչ այս կատարվել են մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր. «Կան ծախսեր, որոնք զուտ այս կամ այն քաղաքական գործչի, Գործադիր կամ Օրենսդիր մարմնի աշխատասենյակից արված զանգի արդյունքում ստեղծված ծախերն են: Այդ կերպ ծախսված գումարները հասնում են հարյուրավոր միլիոնների»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում