Մասիսի քաղաքապետին և նրա տեղակալին կալանավորել-չկալանավորելու հարցը կորոշվի այսօր. Տեսանյութ

Մասիսի քաղաքապետին և նրա տեղակալին կալանավորել-չկալանավորելու հարցը կորոշվի այսօր. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, aysor.am: Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով գիշերը դատարանը որոշել է ազատ արձակել Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին ու Գևորգ Համբարձումյանին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին, Aysor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհդրական Սոնա Տռուզյանը։ Գևորգ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հորեղբոր որդին է:

Դատարանը նաև որոշել է նույն օրը նույն գործով ձերբակալված Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունները՝ նրանց երկու ամսով կալանավորելու մասին։

Բացի այդ, նույն գործով ձերբակալված է նաև Նոր Արեշի բնակիչ Արթուր Խանջյանը, սակայն այս պահի դրությամբ դեռևս նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Նրանց բոլորին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։

Նկատենք, որ այս պահին դատարանի դիմաց մի խումբ բնակիչներ, ինչպես երեկ, նաև այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել Մասիսի քաղաքապետին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում