ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց

ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ձեռնպահ է մնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքում արված բացահայտումների վերաբերյալ մեկնաբանություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գաբրիել Բալայանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը քննչական բարեփոխումներից հետո իր համակարգում նախաքննական մարմին չունի: «Կատարվում է նախաքննություն, ես որևէ մեկնաբանություն անելուց ձեռնպահ կմնամ»,- ընդգծեց Բալայանը:

Նա հավելեց, որ դիտել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը: «Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ 14 տարեկանից: Այդ ժամանակ նա Հաթերքի անտառներում պարտիզանական ջոկատի հրամանատար էր: Ես էլ էի այդ ժամանակ այնտեղ, և հիմա ինձ համար, ինչպես մեր ողջ հասարակության համար շատ ցավալի է, մանավանդ, որ ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ որպես պարտիզանական ջոկատի հրամանատար»,- ընդգծեց Բալայանը:

Հարցին՝ ի՞նչ մեխանիզմներով կարող էր զինվորի սնունդը հայտնվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Բալայանն ընդգծեց, որ մեխանիզմները կարող են տարբեր լինել: «Քանի որ Երկրապահ կամավորական միությունը նաև իրականացրել է մարտական հերթապահություն, ենթադրում եմ, որ նրանց կարող է որոշակի ապրանքատեսակներ մատակարարված լինել: Ես չեմ ցանկանում որոշ վարկածներ առաջադրել: Մեր կողմից դա սխալ կլինի: Նախաքննություն է իրականացվում, Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննական մարմին է, իսկ պաշտպանության նախարարությունում այլևս քննչական գործողություններ իրականացնող մարմին գոյություն չունի»,- մանրամասնեց Գաբրիել Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում