Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին

Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

Այս մասին պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Դրանում (նկատի ունի ձայնագրությունը) հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»,-գրել է պատգամավորն ու հավելել. «Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում