Արամ Մանուկյանը թվարկեց այն դատախազների անունները, որոնք Մարտի 1-ի գործով պետք է դատվեն

Արամ Մանուկյանը թվարկեց այն դատախազների անունները, որոնք Մարտի 1-ի գործով պետք է դատվեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, 168.am: «Մարտի 1-ի զոհերի ծնողների մոտ ծիծաղ, ժպիտ ու հույս է առաջացել»,- այսօր «Մարտի 1-ի բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա նշեց, որ մարդիկ կորցրել են իրենց երեխաներին, բայց այսօր ուրախ են, որ իրենց երեխաների նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը կբացահայտվի, ու մեղավորները կպատժվեն։

Նա ներկայացրեց մի ուղեցույց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, որն ինքն ուղարկել է և՛ Գլխավոր դատախազին, և՛ ՀՔԾ-ի պետին։ Ա. Մանուկյանն ասաց, որ այդ ուղեցույցի մեջ կան փաստական տվյալներ 2008 թվականին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։

«Մենք ԵՄ բոլոր երկրներին, ԱՄՆ-ին և միջազգային կառույցներին ուղարկել ենք հիմնական հանցագործների անունները, որոնք իրականացրել են այս գործը, դիմել ենք միջազգային կառույցներին, որ այս մարդկանց իրենց երկրներ չթողնեն։ Այստեղ բոլոր դատախազների, դատավորների անուններն են, որոնք վճիռներ են կայացրել արդար մարդկանց նկատմամբ, բոլոր դատավորների անուններն են, որոնք կեղծ վճիռներ են կայացրել, բոլոր ոստիկաններն են, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել արդար մարդկանց նկատմամբ։ Միայն կարդամ դատախազների անունները, որոնք պետք է դատվեն, որոնք իրականացրել են այդ իշխանական հրահանգը՝ Աղվան Հովսեփյան, Արամ Ամիրխանյան, Արմեն Մելքոնյան, Աշոտ Նադոյան, Բորիկ Չալեչյան, Գրիշա Միքայելյան, Գրիգոր Թովմասյան և այլք։ Այս ուղեցույցը որ ՀՔԾ-ն նայի, կարող է խելոք ամեն ինչ անել»,- հայտարարեց Ա. Մանուկյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում