Օրինականության պահպանման պահանջը

Օրինականության պահպանման պահանջը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Փորձագետ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս» նախաձեռնության անդամները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, արդեն մի քանի օր է գրավել են Մայր աթոռ Սուրբ էջմիածնի դիվանատունը, իրականացնում են անժամկետ նստացույց։ Իհարկե, Առաքելական եկեղեցին խնդիրներից զերծ չէ, սակայն ստեղծված իրավիճակը մտահոգիչ է առնվազն երկու կետով.

1. Երկրում տարիներ շարունակ կուտակված խնդիրները սեփական պատկերացումների/շահերի շրջանակում ոչ իրավաչափ գործողությունների միջոցով լուծելու հակումը չի նահանջում։ Նման բան երկու ամիս առաջ եղավ ԵՊՀ-ում, երբ ռեկտորի հրաժարականը պահանջող մի խումբ ուսանողներ որոշեցին փակել ռեկտորի ճանապարհը, ԵՊՀ գիտական խորհրդի սենյակը «ազատագրեցին» և մի քանի օր այդպես «ազատագրած» պահեցին՝ խաթարելով տարածքում նորմալ գործունեությունը: Նման մի բան մեկ ամիս շարունակ տեղի է ունենում Ամուլսարում, որտեղ հանքի շահագործմանը դեմ ցուցարարները փակ են պահում հանք տանող ճանապարհը, խոչընդոտում են մասնավոր ընկերության բնականոն աշխատանքը, միլիոնավոր դոլլարների վնաս պատճառում: Հետաքրքիր է, որ գործողությունները իրականացվել և իրականացվում են՝ թավշա հեղափոխության գաղափարներին հղում տալով, իրենց գործողությունները հեղափոխության օրգանական, անբաժանելի մաս հռչակելով։

2. Այս ամենի նկատմամբ իրավապահ համակարգի լուռ վերաբերմունք է ցուցաբերում, որը եթե ԵՊՀ գիտխորհրդի դեպքի հարցում առանձնապես վնասաբեր չէր, Ամուլսարի դեպքում նյութական, իսկ Եղեկեցու վարչական շենքի գրավման դեպքում բարոյական ահռելի վնաս է պարունակում, քանի որ վարկաբեկվում և շահարկվում է ոչ թե միայն կաթողիկոսը, այլ եկեղեցին ամբողջությամբ: «Պետությունն ու եկեղեցին անջատ են, պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու կյանքին» թեզը կենսունակ էր մինչև Վեհարանի գրավումը, քանի որ որևէ իրավական նորմ չէր խախտվում ցուցարարների կողմից։ Նույնը չի կարելի ասել Վեհարանի գրավումից հետո, քանի որ նրանց գործունեության հետևանքով խաթարվել է կրոնական կազմակերպության վարչական տարածքի բնականոն աշխատանքը, որի ապահովման հարցում պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, ունի հստակ պատասխանատվություն:

Կարծում եմ, թե՛ Ամուլսարի, թե՛ Դիվանատան գրավման հարցում կառավարությունը պետք է նախաձեռնի հստակ քայլեր(ընդհուպ մինչև ուժի կիրառում) օրինական կարգը վերականգնելու համար։ Դա հնարավորություն կստեղծի, որ ստեղծված խնդիրները լուծվեն իրավական պետությանը հարիր մեթոդներով, ինչպես նաև մեսիջ կլինի հանրությանը, որ օրինականության պահպանման պահանջը վերաբերվում է ոչ միայն նախկին իշխանության ներկայացուցիչներին, այլև նրանց, ովքեր դուխով անունով գլխարկ են կրում, ովքեր ամեն նախադասության սկզբում փառաբանում են Փաշինյանին և իրենց թավշյա հեղափոխության անբաժանելի մասն են համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում