«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Հայկ Մարությանը։ Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքի էջը:

Հայկ Մարությանը, ով ամիսներ շարունակ սատարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հունիսի 21-ին հայտնել էր, որ ստորագրել է «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված երդմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում