Աշխատանքային մեկ օրս կամ եռօրյա «Գավառական ոդիսականս»

Աշխատանքային մեկ օրս կամ եռօրյա «Գավառական ոդիսականս»

Կարող է շատերը կարծեն, որ իրավաբանական մեկօրյա աշխատանքս, կամ փաստացի եռօրյա «Գավառական ոդիսականս» բավական չէր ճանաչելու Գեղարքունիքի մարզը: Միգուցե նրանք ճիշտ են: Բայց կուզենամ բարձրաձայն մտորել այն ամենի մասին, ինչ տեսա և զգացի Գեղարքունիքի մարզպետարանում և նրա պատերից դուրս: 

Գաղտնիք չէ` մի ուրիշ աշխարհ է մարզային կյանքը, մի ողջ փլիսոփայություն, որի մեջ յուրաքանչյուր անհատ ունի իր հաստատուն տեղը և դերը, այդ աշխարհի մեջ իր աշխարհը, ես կասեի` տիեզերքը: Ահա այդ աշխարհների կամ տիեզերքների շղթան հենց խնդրո առարկա Գեղարքունիքի մարզն է` մարզկենտրոնից մինչ հեռավոր գյուղեր: Համընդհանուր արտագաղթի, ուրբանիզացիայի կամ, ՀՀ-ի պարագայում առավել տեղին կլինի ասել, «երևանիզացիայի» պայմաններում այն, ինչ տեսա Գեղարքունիքում` և’ ուրախալի էր, և’ ինչ-որ տեղ հուզիչ: 

Հենց սկզբից չեմ կարող չխոսել մի քանի երիտասարդների` մարզպետի օգնականներ, ԵՊՀ շրջանավարտներ Արման Հայրապետյանի և Սուրեն Համբարձումյանի մասին, ովքեր ինտելեկտով, իրենց մասնագիտական և հանրային ծառայողի գիտակցական բարձր մակարդակով դարձել էին բոլորի սիրելին: Չեմ կարող չխոսել Արամ Խաչատրյանի մասին. ծնունդով Գավառ քաղաքից ևս մի երիտասարդ, ով վերջերս նշանակվել է մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, մասնագիտական փայլուն կարողությունների տեր Արամն ինձ ուղղակի ապշեցրեց հանրային ծառայողի իր վարքագծով, հայրենի քաղաքի ու մարզի հանդեպ իր նվիրումով և այս ամենի հետ մեկտեղ համեստ և քաղաքակիրթ իր տեսակով: Ուրախությամբ փաստեմ, որ Արամն իր կարողությունները ներդնում է նաև մարզի վարչաիրավական մի շարք կարևոր ոլորտներում և երիտասարդական դաշտի կայացման ու զարգացման գործում: Արամի հետ և աջակցությամբ մեկ-երկու օրում արդեն հասցրել էինք հստակեցնել մարզպետարանին կից երիտասարդական խորհրդի ստեղծման մասին իրավական բոլոր փաստաթղթերը, մատնանշել բոլոր բացթողումները և ՀՀ կառավարություն ներկայացվելիք օրենսդրական փոփոխման առաջարկները, ստեղծել ԵԽ-ի ստեղծման նախաձեռնող խումբը և այլն: 

Կուզեի հպարտորեն ներկայացնել մարզպետարանի ենթակայության տակ գործող Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանին: Մասնագիտական խորը կարողություններով, մարդկային բարձր արժանիքներով և համեստությամբ օժտված, մարզի առողջապահական ոլորտում իր հետագիծը թողած մի լուսավոր անհատականություն: Գեղարքունիքի երկարամյա փոխմարզպետ, կուսակցական գործիչ Արտակ Նիկոյանին այստեղ չհիշատակելը, կարծում ենք, կաղքատացներ մեր պատումը: Ա. Նիկոյանը ևս մարզում ճանաչված է որպես իր սկզբունքներին հավատարիմ, մարզային խնդիրները խորությամբ տիրապետող, կնճռոտ հարցերը հարթելու մեծ հատկություններով օժտված և ընկերասեր անձնավորություն:

Անհամեստություն կընկալվի երևի, բայց չեմ կարող չխոսել մարզպետարանում և նրա հետ առնչություն ունեցող հաստատությունների հետ հարաբերություններում ստեղծված այն միջավայրի մասին, որն ստեղծվել էր մարզպետ Ի. Սաղաթելյանի կողմից: Եթե կարճ բնորոշենք այն` ապա այսպես կձևակերպենք. փոխադարձ հարգանքի և անկեղծության միջավայր: Իսկ նման միջավայրի առկայությունը, որն ստեղծվել էր մարզպետի կազմակերպչական հմուտ ձիրքերի և սեփական օրինակելի վարքագծի շնորհիվ, մարզային կյանքի արդյունավետ կազմակերպման և զարգացման առաջնային նախապայմաններից է:

Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյան

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին ՀՀ-ում կատարվող իրադարձությունները, հեղափոխական-հակահեղափոխական, սև-սպիտակ, մերոնցական-ձերոնցական տխրահռչակ կարգախոսների ներմուծումը մարդկանց գիտակցության մեջ, իրենց բացասական խորը ազդեցությունն են թողել ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի վրա և այսօր էլ լայն թափով շարունակում են իրենց կործանարար դերակատարությունը: Պարզորոշ է, որ այս պայմաններում մարզային բնականոն կյանքի ապահովման և ծրագրերի արդյունավետ իրագործման համար մարզպետից պահանջվում է ուժերի գերլարում, ղեկավարման մեծ ջիղ և ծայրահեղ նրբանկատություն: Փաստենք նաև, որ արհեստականորեն ներմուծված նշյալ դժվարություններից զատ, մարզում առկա են նաև մարզային-գյուղական միջավայրին բնորոշ, այսպես կոչված «բնական» դժվարություններ, որոնցից առանցքայինը միջտոհմական-գերդաստանական ոչ բարեկամական հարաբերություններն են:

Գեղարքունիքի մարզում և մարզպետարանում իմ եռօրյա քննախույզ ներկայության ընթացքում ես հայտնաբերեցի մի շատ կարևոր իրողություն. տարբեր քաղաքական հայացքներ ունեցող պետական և համայնքային ծառայողները, ամենատարբեր հաստատությունների անձնակազմերը, համայնքների ղեկավարները և այլն, միմյանց հանդեպ ոչ միայն չունեն թշնամական կամ «սև-սպիտակային» տրամադրվածություն, այլ ընդհակառակը, ունեն հարգալից, իսկ շատ դեպքերում նաև առանձնահատուկ ջերմ վերաբերմունք: Իհարկե, մենք հեռու ենք ամեն ինչ իդեալական գույներով ներկայացնելու մտադրությունից, սակայն հանուն ճշմարտության պետք է նշել, որ Երևանից և լրատվամիջոցներից ներմուծվող թշնամանքի հրահրումները Գեղարքունիքի մարզպետարանում և նրա ենթակայության տակ գտնվող պետական և համայնքային հիմնարկներում մարվել են կամ հասցվել նվազագույնի:

Մարզպետի այս չորս ամիսների աշխատանքի լավագույն արդյունքը մեր կողմից համարվում են այն տեսարանները, որոնք խորը ազդեցություն են գործել ինձ վրա: Երևանյան հայհոյախառն միջավայրից հետո երբ տեսնում ես մարզպետի հետ ինչ-որ հարց քննարկող, ճաշող, սուր կատակներ անող, մարզային–գյուղական կյանքից ինչ-որ բան հիշող և հանդիպումն այդ պատմություններով համեմող ՔՊ-ական, ՀՀԿ-ական, դաշնակցական կամ այլ քաղաքական հայացքների տեր պաշտոնյաների, պետական կամ համայնքային ծառայողների, քաղաքապետերի կամ գյուղապետերի` չես կարող չհուզվել: Եվ Իշխան Սաղաթելյանը դրան հեշտությամբ չէր հասել: Նրա մեջ սինթեզված պետական բարձր գիտակցությունը, խարիզման, օրինակելի քայլերը, դեռ ուսանողական տարիներից եկած ղեկավարման փորձառությունը, մարդկանց հետ շփվելու բարձր մշակույթը տվել էին իրենց պտուղները: Պաշտոնյաներ, ովքեր հատկապես ապրիլ-մայիսյան իրադարձությունների բերումով մշտապես իրար կասկածել են, միշտ ձգտել են իրար վնաս տալ, հեղինակազրկել` մարզպետի հետ մի քանի օրյա շփումներից և ընդմիջման ժամին ճաշելուց հետո իրար տեսնելուց ողջագուրվում են, իսկ քաղաքական հակադիր հայացքների մասին խոսակցություններն արդեն համեմվում են «կծող» կատակներով: Եվ իրավամբ հենց սա է Իշխան Սաղաթելյանի հաղթանակը:

Մեկ այլ կարևոր հանգամանքի մասին. ՀՀ նոր իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող միջոցառումները ևս, բնական օրինաչափությամբ, խաթարում են հասարակական կյանքը: Պարզ է` մարդիկ արդարացիորեն պահանջում են պատժել նախկին համակարգում չարաշահումներ թույլ տվածներին, իսկ մյուս կողմը ձգտում է դիմադրել: Ի. Սաղաթելյանն այստեղ ևս, այս հողի վրա իրականացվող ցանկացած քայլ արեց այն գիտակցությամբ, որ ոչ բոլոր դեպքերում են մարդիկ հաճույքով կատարել չարաշահումներ. շատ դեպքերում մարդիկ եղել են համակարգի գերին, և շուրջբոլորն ամեն ինչ և ամենքին թրատելը, վախի ու կասկածանքի մթնոլորտում աշխատելը հաջողության փոխարեն ծնելու են թշնամանք և ատելություն: Արդյունքում` մարզպետի կողմից մարդիկ իրավական հողի վրա պատժվել կամ աշխատանքից ազատվել են ոչ թե ինքնանպատակ կամ տիրող քաղաքական տրամադրություններին ընդառաջ գնալով, այլ երկար ծանր ու թեթև անելուց, տարվող երկարատև բացատրական աշխատանքներից և գործին առնչվող ամեն մի մանրուք երկար քննարկելուց հետո: Փաստենք, որ մարզային մանր ու մեծ պաշտոնյաները մշտապես բարձր են գնահատել մարզպետի այս վարքագիծը, ցուցաբերած մարդկային բարձր վերաբերմունքը, մի հանգամանք, որը մեծապես նպաստել է մարզային առողջ մթնոլորտի ձևավորմանը:

Ինչպես վերևում մի քանի օրինակներով փաստեցինք, Ի. Սաղաթելյանը զուգահեռաբար աշխատանքների մեջ էր ներգրավել նվիրյալ և բարձր ինտելեկտի տեր կադրերի, ովքեր հաշված օրերի ընթացքում տիրապետել էին տվյալ ոլորտը և մեծ թափ հաղորդել աշխատանքներին:

Իհարկե, լավագույն գնահատականը տվողը ժողովուրդն է և ժամանակը, բայց Ի. Սաղաթելյանի քառամսյա մարզպետության լավագույն գնահատականը ես տեսա հրաժեշտի օրը, երբ վիրտուալ հարթակում արված գրառումներից ու հեռախոսազանգերից բացի ողջ օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից նրա ընդունարան էին մտնում ոչ միայն մարզպետարանի և նրա ենթակայության տակ գործող սոցիալական աջակցության, կրթական, բուժական և այլ հաստատությունների աշխատակիցները, այլև մարզի երիտասարդական կազմակերպությունների, մոտիկ ու հեռավոր համայքների ներկայացուցիչները, պարզ քաղաքացիներ:

Հ.Գ. Խոստմանս համաձայն` Գեղարքունիքի մարզպետարանում իմ եռօրյա աշխատանքային ոդիսականի նկարագրման շրջանակներում չեմ կարող չհիշատակել նաև արդեն չորրորդ մարզպետին սպասող ընդունարանի գործավարուհի գեղեցկուհուն` Լիլիթին, ով իր չափազանց երկար մազերով, ժպիտով ու բարեկիրթ խոսակցականով դարձել է մարզպետարանի զարդը: Դե, մարզի լրագրողական դաշտը զարդարող Արմինե Մելքոնյանի մասին էլ չեմ խոսում, ում ներկայությունն իսկական տոնի վերածեց հիմնարկի աշխատակիցներիս օրը:

Հարգանք և խոնարհում հայրենիքը չլքող, մեր պետության սահմաններն ու հայրենական ավադնույթները պահպանող գեղարքունիքի մարզի մեր հայրենակիցներին:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում