Ադեկվատ արդարություն

Ադեկվատ արդարություն

Սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներից մեկը՝ Արթուր Դանիելյանը, հաճախ է սիրում կրկնել, որ. «Փաշինյանի կառավարությունն ամենա արդար բանն է, որ տեղի է ունեցել այս ժողովրդի հետ վերջին 30 տարում»: Ու եթե դա իսկապես այդպես է, իսկ դա այդպես է, ուրեմն Մարալիկում տեղի ունեցած միջադեպը ամենա արդար բանն է, որ կարող էր պատահել «ԱդեկվաԴ»-ի ստեղծագործական թիմին։

Կարծում եմ՝ արդարության մասին խոսելու ճիշտ ժամանակն է։ Չխոսել հնարավոր չէ։ Ինչպե որ Հովհաննես Թումանյանն էր ասում՝ մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Հիմա նստած մտածում եմ՝ ինչու՞ մարդիկ որոշեցին հարձակվել Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի վրա։ Ինչու՞ են այդ հարձակումները շարունակում մինչ օրս։ Ո՞վ է լինելու հաջորդ թիրախը և այլն։ Մտքերս շատ են։ Հարցերը՝ նույնպես։ Ու թեև այդ հարցերին այսօր պատասխան է տրվում՝ այդ թվում նաև «ԱդեկվաԴ»-ի հեղինակների կողմից, այնուամենայնիվ զգում եմ, որ ամենակարևորը դեռ չի ասվում։ Արդարությունից ոչ ոք չի խոսում։

Որովհետև եթե խոսեինք, պիտի անկեղծ ասեինք՝ լավ են արել, որ հարձակվել են։ Պիտի մի լավ ծեծեին։ Մենք՝ ադեկվատներս, հենց այդպես էլ կվարվեինք։ Արել ենք նախկինում, հիմա էլ ենք անում։ Որտեղ թուրը կտրում, հենց այդտեղին էլ հարվածում ենք։ Բոլորս։ Ադեկվատ լինի, թե զոմբի։ Իմաստուն, թե թրաշամանուկ…

Դա է մեր կուլտուրան, եթե ճիշտ եմ օգտագործում տվյալ իրավիճակի համար այս բառը։ Ադեկվատներն այսօր պետք է հալածվեն. համայնքի պահանջն է։ Իսկ համայնքը, ինչպես հայտնի է, զորավոր է։ Հոսանքին դեմ չես գնա, կքշի կտանի։ Ո՞վ է թույլ տվել նրանց ադեկվատ լինել «Նոր Հայաստանում»։

Կմտածեք հեգնու՞մ եմ։ Չէ, դա այդպես չէ։ Դեռ ադպես չէ։ Ոչ հարձակվողները, ոչ էլ հարձակման ենթարկվածները դրան արժանի չեն։ Նրանցից յուրաքանչյուրն իր տեսակն է պաշտպանում։ Անգամ կռիվ տալիս դրա համար։ Նրանք միայն ակնածանքի են արժանի։ Ի տարբերություն այն մյուսների, որ հաստատ սուրբ չեն, բայց կույս են ձևանում։ Այ դրանց պարագայում ոչ միայն հեգնանքը, արհամարհանքն էլ չի օգնի։ Այդպիսի բաներ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S. Գիտե՞ք ամենաշատն ինչն է ինձ անհանգստացնում։ Ուրեմն մի քանի տարի առաջ, երբ տղաս մանկապարտեզից վերադարձավ ու ասաց, որ երեխաներից մեկը նեղացրել է իրեն, խորհուրդ տվեցի հաջորդ օրը գնալ ու հաշտվել հետը։ Չասացի. «աչքերը կհանես, գլուխն էլ ջարդես»։ Սխա՞լ եմ արել։ Բա հիմա իր տեսակը ո՞նց է պաշտպանելու։ Կարո՞ղ է բարությամբ, արդար խոսքով։ Թե՞… Կարող է։ Չգիտեմ։

P.P.S. Պարզվեց՝ արդարության մասին խոսելն իսկապես դժվար է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում