Սահմանամերձ Բերքաբեր գյուղում տարհանման վարժանքով փորձարկվեց ժամանակավոր ապաստարան «ապահով սենյակը»

Սահմանամերձ Բերքաբեր գյուղում տարհանման վարժանքով փորձարկվեց ժամանակավոր ապաստարան «ապահով սենյակը»

ՏԱՎՈՒՇ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցում փորձարկվեց «ապահով սենյակ»-ը: Այն նախատեսված է փոքր տրամաչափի հրազենից և բեկորներից պաշտպանելու համար:

««Ապահով սենյակը» կարող է պատսպարել առավելագույնը 100 մարդ՝ 1-ից չորս ժամ՝ մինչև կրակոցների ավարտը կամ բնակչության տարհանումը: Սենյակն ապահովված է խմելու ջրի և առաջին օգնության պարագաներով, լապտերներով, ծածկոցներով»,– նշեց Երևանում ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Կրակոցներ լսելու դեպքում հնչելու է դպրոցի զանգի երեք ազդանշան, որից հետո դպրոցի աշխատակազմը համապատասխան կարգով գնալու է «ապահով սենյակ»:

Բերքաբեր գյուղի դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանի խոսքով՝ սենյակի կառուցումը շատ կարևոր է թե՛ գյուղի բնակիչների, թե՛ երեխաների համար:

«Այս սենյակի առկայությունն ավելի է երաշխավորում մեր ու մեր երեխաների ապահովությունը: Չնայած մենք միշտ ենք ապահով մեր գյուղում, մեր հողի վրա: Բայց ավելի մեծ անվտանգությունը երբեք ավելորդ չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գայանե Խուդավերդյանը:

Գյուղի բնակիչ Լուսինե Դիրբալյանը դպրոց էր եկել, որպեսզի թոռնիկների հետ մասնակցեր «ապահով սենյակի» փորձնական տարհանման վարժանքին: Նրա հավաստմամբ՝ ժամանակավոր ապաստարանն ավելի կնպաստի երեխաների ապահովությանը:

«Այն ժամանակ հենց մի կրակոց էինք լսում, վազում էինք դպրոց տեսնելու՝ արդյոք երեխաներին բան չի պատահել: Հիմա հանգիստ սրտով կարող ենք մեր գործին լինել, քանի որ գիտենք՝ դպրոցում կա պաշտպանվելու հնարավորություն»,– հավելեց Դիրբալյանը:

«Ապահով սենյակը» կառուցվել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ: Սկսած 2014 թվականից ԿԽՄԿ-ն արձագանքում է Տավուշի մարզի սահմանամերձ բնակչության հնչեցված խնդիրներին՝ «պասիվ» պաշտպանական միջոցներ ստեղծելու ուղղությամբ, որոնց թվում են ապահով տարածքները ու պաշտպանիչ պատերը, մանկապարտեզների, դպրոցների, այլ հանրային շենքերի և տների պատուհանների ամրացումը և այլն:

Իսկ Սարիգյուղում համայնքային ներդրման հետ միասին 32 միլիոն դրամի ընդհանուր արժողությամբ ԿԽՄԿ-ի հերթական ծրագիրը ներառել է ջրընդունիչի, 2 պոմպերով պոմպակայանի կառուցումը, 5 հանրային ծորակի և 2 պոլիէթիլենային ջրահավաք բաքի տեղադրումը: Գյուղի 800 բնակիչների համար հասանելի են դարձել ջրի աղբյուրները:

Սարիգյուղի բնակիչ Արմենուհի Դավթյանի խոսքով՝ այս ծրագիրը բավականին թեթևացրել է բնակիչների հոգսերը:

«Մինչ հանրային ծորակների տեղադրումը թևերս կոտրվում էին ջուր կրելով: Պետք է մի ամբողջ շաբաթ ջուր կրեինք, հավաքեինք, որ մի բան կարողանային անել: Ձմռանը կրկնապատվում էր մեր տանջանքը: Հիմա այդ հոգսից ազատվել ենք»,- հավելեց Արմենուհի Դավթյանը:

Խորհրդային տարիներին Սարիգյուղն իր խմելու ոռոգման ջուրն ստացել է հարևան Բերքաբերի ջրամբարից: Գյուղի ջրամատակարարման ցանցերը վնասվել են 90-ականներին՝ պատերազմական գործողությունների հետևանքով, և բնակիչներն ապրել են առանց այս կենսական ռեսուրսի ավելի քան 20 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում